Իրավիճակը սահմանում լարված է, հարաբերականորեն կայուն, սակայն յուրաքանչյուր պահի կարող է սրվել, մեծ կուտակում կա սահմանին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Շատ մեծ գործընթաց է տեղի ունենում։ Սրանք մեսիջներ են, որ մեզ քաղաքական պարտադրանքի բերեն, սա էլ հերթական փորձն է։ Հիմնական թիրախն էլ Լաչինի միջանցքը եւ ԼՂ-ում ստեղծված իրավիճակն է։ Մենք միջազգային հարթակներով մեծ ճնշում ենք գործադրում, ու նման ձեւով փորձ են անում մեզ հետ պահել»,- նշեց նա։
Սիմոնյանը չբացառեց, որ լարված իրավիճակը կարող է կապ ունենալ երկու օրից սպասվող Պուտին-Էրդողան հանդիպումից։
«Քննարկվելու են մեր տարածաշրջանի վերաբերյալ հարցեր։ Ցավոք, մենք հայտնվել ենք այդ երկու պետությունների բանավեճի սեղաններին։ Եվ այստեղ Ալիեւը փորձում է բարձրացնել իր գինը։ Սա մեծ քաղաքական խաղ է, որը չի սկսվում եւ չի ավարտվում մի կետում։ Այսօր Հայաստանում կա ժողովրդավար իշխանություն, որը գուցե վատ օրինակ է իր ժողովրդավարությամբ այս տարածաշրջանում։ Եթե պարզվի, որ կարող ենք զոհերից, տարածքային նկրտումներից խուսափել մեր հեռանալով՝ վայրկյան անգամ չենք մտածի, որովհետեւ մեզ համար մեր երկրի եւ քաղաքացիների անվտանգությունից կարեւոր հարց չկա, բայց այստեղ շատ ավելի խորը հարցեր կան»,- նշեց Սիմոնյանը։