Ես հավատում եմ այս պատմությանը… Հայաստանի անկախության առաջին տարիների այն դժվար օրերին (պատերազմ, շրջափակում...) մի հավատացյալ հայ շարունակ աղոթել է Տիրոջը՝ այդ վիճակից դուրս գալու մի ելք գտնելու համար: Մի օր նա երազում տեսնում է Տիրոջը: Տերն իրեն հորդորում է գնալ Երեւանում գտնվող պարսկական մզկիթ՝ «Գնա եւ կգտնես բարեկեցության դուռը տանող բանալին»: Նա գնացել է մզկիթ, պահակին խնդրել դռները բացել: Երբ ներս է մտել, տեսել է լույսերի մեջ շողշողացող մի մեծ բանալի: Արթնացել է այդ տեսարանի վրա: Օրերով մնացել է այդ երազի ազդեցության տակ եւ ի վերջո որոշել իր երազը պատմել Վազգեն Առաջին կաթողիկոսին: Դժվարությամբ այցելության թույլտվություն ստանալով այդ օրերին հիվանդանոցում գտնվող Վեհափառի հետ, նրան պատմում է իր երազը: Տպավորված այդ մարդու պատմած երազից, Վազգեն Վեհափառը երկրի բարձրաստիճան ղեկավարներին խնդրում է իր մոտ գալ եւ հորդորում է Իրանի հետ սահմանը բացել ու կամուրջ գցել Արաքս գետի վրա:
Մեր օրերի լեգե՞նդ է, գուցե, բայց ես հավատում եմ այս պատմությանը: Հավատում եմ, որովհետեւ նախ սա ինձ պատմել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից մեծ առաքելությամբ Հայաստանում գտնվող ու գործող մի պատվելի անձ: Հավատում եմ, որովհետեւ այդ հավատը եկել, ամրապնդվել է Իրանի հետ ճանապարհը բացելու բարերար ազդեցության փաստով:
Եվ ի վերջո, ես հավատում եմ այն ամենին, ինչ կապված է ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌԻ հետ: