▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չհասկացա՝ ի՞նչ է մարդկային հավասարությունը

Ես դեդուկտիվ ծնունդ եմ։ Մինչ ուրիշներն իրենց կյանքի վերջում են ասում «ունայնություն ունայնության»՝ մանրամասն ապրելուց հետո, ես ծնվելիս ասացի։
Մի ուրիշը իմ տեղը, այդ ասելուց հետո այլևս չէր ապրի, բայց ես ապրեցի իմանալու համար, թե այդ կյանքն ինչքա՞ն է ունայն։ 

Է՛, պարզ է, թե ինձ նման աշխարհ եկողը ինչպես պիտի վերաբերվի կյանքի երևույթներին։

Չեմ զգացել ուսման ծարավ և դպրոց եմ գնացել բռնի՝ ոչինչ չսովորելու համար։
Չեմ հասկացել, թե սիրելու համար ինչո՞ւ անպայման պիտի «ամուսնանալ»։

Կամ՝ ինչո՞ւ մեկ կնոջ հետ ծերանալ և ոչ աշխարհի բոլոր կանանց հետ՝ երբեք չծերանալ։

Չիմացա ինչ բան է կրոնը։ Ինչո՞ւ մարդիկ իրենց աղոթքներում երկնքի արքայություն են ցանկանում։ Անիմաստ կյանքը շարունակելուց ի՞նչ օգուտ։ Հիմարությունը որ երկարի՝ իմաստությա՞ն կհասնի։

Եթե դրախտում արդարները պիտի թառեն խնկի ծառերի վրա ու միայն փառք տան Աստծուն, դրա համար ի՞նչ կարիք կա մեռնել, ահագին թաղման ծախս կատարել, թաղվել, նորից հարություն առնել և այլն։ Փա՞ռք եք ուզում տալ, առանց այդ դժվարություններին ենթարկելու ձեզ համեցեք Սովետական Ռուսաստան, փառք տվեք Լենինին ու ապրեք նորակառույց շենքերում, օժտված մաքուր սենյակներով, խոհանոցով, արտաքնոցով ու բաղնիքով։

Ինչո՞ւ գերադասել կենցաղային ոչ մի հարմարություն չունեցող խնկի ծառը, մի օր էլ քունդ տանի՝ ցած գլորվես ու եսիմ ինչ լինես։ (Որովհետև էլ մեռնել չի կարելի)։ 

Ես չհասկացա՝ ի՞նչ է մարդկային հավասարությունը։ Դերձակները թելի ծայրը հավասարեցնում են այն ասեղի ծակը մտցնելու համար, իսկ սոցիալիստները ո՞ւր են ուզում մտցնել մարդկությունը, երբ հավասարեցնում են այն։

Իսկ քարոզել եղբայրություն այն ժամանակ, երբ մի մորից ծնված եղբայրները անխոս բաժանվում են իրարից և օտարանում՝ նշանակում է հիմարության երկրորդ հարկը բարձրանալ։

Այս բոլորից հետո՝ խորհուրդ եմ տալիս ձեզ իմ կյանքում ոչ մի իմաստ չփնտրել, ես մի գրչախաղ եմ՝ գոյություն չունեցող թղթի վրա...


Լեռ Կամսար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին