▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես բութ եմ, դրա համար էլ միշտ վերևում եմ գտնվում.Վաչագան Սարգսյան

Գրող, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում  գրառում է կատարել «Կետադրական նշանները Նոր տարվա ճոխ սեղանին» վերնագրով: 

Գրառումը` ստորև.

– Եկեք նախ սեղանապետ ընտրենք, – բազմության միջից առաջարկեց բազմակետը:

– Առաջարկում եմ բութին, – բացականչեց բացականչականը:

– Բացականչականին, – շեշտեց շեշտը:

– Շեշտին, – բութ-բութ ասաց բութը:

– Ապաթարցին, – ոտքը կախ գցեց կախման կետը:

–Ապաթարցը հարմար չէ, նա սփյուռքահայ է, հին արևմտահայ ուղղագրության ներկայացուցիչ, նա թող իր սփյուռքում թամադա լինի, – ստորաբար առարկեց ստորակետը:

–Տղեք, ոնց եք վեր կենամ ու բոլորիդ մեկ-մեկ գիրկս առնեմ, փչացնեմ, դնեմ մի կողմ: Առանց ինձ ի՞նչ սեղանապետ, ի՞նչ պաշտոնյա,–ներքինիի պես ծվաց չակերտը, ու բոլորը իրենց հարճ զգացին մի պահ:

– Լավ, չակերտն էլ թող պարի գծով լինի, այսինքն՝ մշակույթի պատասխանատուն լինի,– գործը դրստեց կախման կետը,– ում ուզի կգրկի, ում ուզի՝ կթողի:

– Տղերք, մի բան ասեմ, բայց չնեղանաք, ես բութ եմ, դրա համար էլ միշտ վերևում եմ գտնվում՝ ինչ հասարակարգ էլ լինի: Այնպես որ ես համաձայն եմ:

– Ճիշտ է, ես բութ չեմ, փոխարենը՝ ղժղժան եմ, բացականչելու համար մի հատ եմ, ու ես էլ եմ միշտ վերևում, այնպես որ ինձ ընտրեք:

– Մի րոպե, մի րոպե: Կարող է ես վերևում չեմ, ես եմ շեշտում ու ընդգծում իմ բութ ու ղժղժան ընկերների արածն ու չարածը: Առանց շեշտի ի՞նչ սեղանապետ:

– Ճիշտ է,–միջակությունների միջից համաձայնեց միջակետը, – եկեք բութին սեղանապետ ընտրենք, իսկ շեշտին ու բացականչականին՝ տեղակալներ:

–Ճի՜շտ է,–համաձայնեց փակագիծը ու բացեց իրեն, – ինչ էլ ուզում է լինի, մեկ է՝ վերևում լինելու համար պիտի լինես շեշտված բութ ու ղժղժան: Իսկ սրանք միշտ էլ վերևում են ու վերևում:

–Բայց սրանք առանց մեզ ի՞նչ պիտի անեն. եթե ստորություն է պետք անել, ինձ են դիմում՝ ստորակետիս: Ընդունելության քննությունից կտրելուց մինչև մարդուն կախաղան հանելը իմ միջոցով է արվում:

–Սրանք հենց բան չեն ունենում ասելու, ինձ են մեջտեղ բերում, որպես բազմության ձայն, – ինքն իրեն խոսում էր բազմակետը:

– Սրանք վերևում չէին լինի, եթե ես չլինեի, ես կուսակցական նշան եմ՝ ինչի վրա դնես բաժանում եմ, կիսում եմ, տրոհում եմ, մասնատում եմ. կեսը էս կողմն եմ գցում, կեսը տանում եմ մյուս կողմ, մի խոսքով, ում ուզում եմ, տողադարձ եմ անում:

–Բա ես ի՞նչ ասեմ. ինչ հիմարություն ուզում՝ անում են, ինչ հիմարություն ասես՝ գրում են, վերջում ինձ են կանչում, թե՝ դուռը փակի, վերջակետ դիր, նորից ենք սկսելու,–եզրափակեց վերջակետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին