Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ։ Այն ամբողջությամբ՝ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև` առանց փոփոխության. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի` անկախության մասին ուղերձը պարունակում է անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան առաջացնել, քան մերժումն է։ Փորձ է արվում ազատվել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Ն. Վ. Փաշինյանի վերջին խրատական ասացվածքները հաստատում են մեր ավելի վաղ արված եզրակացությունները, որ Արևմուտքից ներշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված գործընթացները, մեր իսկ երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային են։ Կառավարության ղեկավարը, փաստորեն, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը միտումնավոր պատրաստվում էր Ռուսաստանից երես թեքելու։ Նրանց քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։ Միևնույն ժամանակ մոռացվում է, որ մեր պետությունները մեծ մասամբ ունեն նման շահեր անվտանգության և զարգացման հարցերում, և Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներ իրենց առջև նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր Եվրասիական տարածաշրջանը: Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ։ Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակութային ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վ. Վ. Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Ն. Վ. Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, ապա կորուստն ավելի քիչ կլիներ. վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում (ԼՂ), երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը` կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հաստատման միջև, ժողովուրդներ, որոնց մասին Ն. Վ. Փաշինյանը նախընտրեց լռել: Մեր երկիրը, չնայած հանրապետությունում ռուսական ընկերությունների համար արհեստական դժվարություններ ստեղծելու մասին ավելի ու ավելի հաճախակի հնչող ազդակներին, անշեղորեն վարում է Հայաստանի հետ տնտեսական և ներդրումային կապերի աճի կուրս ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այսօր դրանք ցուցադրում են ռեկորդային դինամիկա՝ նպաստելով Հայաստանի տնտեսության տպավորիչ աճին և քաղաքացիների բարեկեցությանը։ Ռուսաստանը վճռականորեն հանդես է գալիս Հայաստանի հետ ընդհանուր մշակութային և կրթական տարածքի ամրապնդման օգտին՝ չնայած Հայաստանի առանձին ներկայացուցիչների՝ հումանիտար ոլորտում փոխշահավետ նախագծերի առաջընթացը դանդաղեցնելու փորձերին։ Տարածաշրջանային հարցերում Ն. Վ. Փաշինյանը՝ 2020 թվականի նոյեմբերից Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ջենթլմենական համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու փոխարեն, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին։ Պրահայում և Բրյուսելում նա որոշել է գործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա հիմնովին փոխեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիրքորոշումը։ Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես, Ն.Վ. Փաշինյանը չստորագրեց վեց ԱԳ նախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը. երկրները ՀԱՊԿ դիտորդական առաքելություն կուղարկեին հանրապետության` Ադրբեջանին սահմանակից շրջաններ: Իրավիճակը թեժացավ նաև պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտմամբ, ինչը դարձավ վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը։ Սեպտեմբերի 20-ին Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը` հայկական մնացած ստորաբաժանումները դուրս բերելու և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը» ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերմամբ ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ բացահայտեց իրական պատկերը և ստեղծեց նախադրյալներ կայուն դեէսկալացիայի համար: Հիմնականում Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման հետևանքով, որը նախընտրում էր խույս տալ և վազել դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հետռևողական աշխատանքի փոխարեն, 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրեր կանգ առան: Կորցվեց թանկարժեք ժամանակ, որի ընթացքում կարելի էր զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանի սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, ինչը կդառնար Հայաստանի համար անվտանգության լրացուցիչ գործոններ։ Հատկանշական է նաև, որ Եվրոմիության հովանու ներքո անցկացված վերոհիշյալ Պրահայի և Բրյուսելի հանդիպումներում Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Նույնիսկ այսօր մենք պաշտոնական Երևանի կողմից չենք տեսնում որևէ լուրջ շահագրգռվածություն՝ օգնելու լուծել ԼՂ-ում հրատապ խնդիրները. մենք խոսում ենք հրադադարի պահպանման, հումանիտար իրավիճակի բարելավման և Բաքվի և Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին։ Ն.Վ.Փաշինյանի թիմի այս անպատասխանատու մոտեցումն առաջացրել է հայ հասարակության մի մասի հասկանալի դժգոհությունը, որն արտահայտվել է ժողովրդական բողոքի ակցիաներով։ Իհարկե, պնդումները, թե նրանց ոգեշնչել է Ռուսաստանը, իրականության հետ կապ չունեն։ Հայաստանի կառավարության ղեկավարը պետք է քաջ գիտակցի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում, ի տարբերություն Արևմուտքի, որը բավականին հմուտ է «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու գործում, բայց տարօրինակ պատահականությամբ նախընտրեց չնկատել ցուցարարների հետապնդման բազմաթիվ փաստերը Երևանի իշխանությունների կողմից: Միաժամանակ, ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ կապեր է պահպանում իշխանության հետ։ Այս ֆոնին, ակնհայտորեն իշխանությունների դրդմամբ, հայաստանյան մամուլում ծավալվել է իսկական հակառուսական վակխանալիա։ Համոզված ենք, որ Երևանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Մենք վստահ ենք, որ սա գիտակցում է նաև Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը: |
«Երևանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս. վստահ ենք` սա գիտակցում է նաև Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը». ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet