▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեմնի ամենախոշոր օլիգարխը փորձում է համոզել, որ իր կապիտալն արդար ճանապարհներով է վաստակել

Գրզոն հարցազրույց է տվել, որից պաթոսի ու երեսպաշտության հոտը կիլոմետրի վրա է փչում: Վերնագրից սկսած. «Իմ հայրենիքը Հայաստանն է, այստեղ ես կայացել և ձևավորվել եմ, այստեղ ստեղծել եմ մրցունակ համակարգեր, տնտեսություն և բիզնես եմ հիմնել։ Ես չէի կարող չվերադառնալ»:

Ինձ համար ի սկզբանե զավեշտալի է այն, որ երբեմնի ամենախոշոր օլիգարխը փորձում է անմեղ գառի ամպլուայում հանդես գալ ու մեզ՝ մարդկանց, ով հիշում են թե նրա կայացման տարիները՝ Լևոնի օրոք, թե նրա ամենածաղկուն տարիները՝ Քոչարյանի օրոք, համոզել, որ ինքն իր կապիտալը մի այլ կարգի արար է դիզել ու այս ողջ ընթացքում ինքը արդարության և ազատ տնտեսության առաջամարտիկն է:

Գրզոյի ֆենոմենն ու գենեսիսը, ինչ խոսք, խիստ յուրօրինակ է: Մի շտապեք պաշտպանել Գրզոյին, ես էլ լավ գիտակցում եմ, որ կիսագրագետ Լֆիկի, կամ սպարցմեն-բարերարների ֆոնին Գրզոն մի տեսակ անգլիական արիստոկրատի տպավորություն է թողնում, բայց հարգելիներս, օլիգարխը՝ օլիգարխ է բառի բացասական իմաստով, իսկ 90-ականների օլիգարխացած օլիգարխը՝ առավել ևս:

Ինչի արդեն մոռացե՞լ ենք, որ ոնց որ և մյուս հարստացածները, Գրզոն ռեյդերություն էլ էր անում, սպեկուլյացիաներից էլ չէր խորշում, Վանոյի պասերով տենդերներել էր շահում ու մրցակիցներից ձերբազատվում...

Մոռացե՞լ ենք, որ մինչև 2007 թվականին Լևոնի վերադարձը, նա օլիգարխիկ համակարգի անբաժանելի մասն էր ու օգտվում էր բոլոր այն բարիքներից ու կիսալեգալ/լրիվ անլեգալ հնարավորություններից, որոնցով օժված էր իրենց «կռուգը»:

Գրզոյի ֆենոմենը թերևս նրանում էր, որ նա չգիտեմ, իրեն գերարժևորելով, թե՞ անմնացորդ նվիրված լինելով Լևոնին, դուրս եկավ նաև իր կողմից կառուցած համակարգի դեմ ու ստավկեն դրեց արդյունքում պարտված կողմի, ինչի համար էլ տուժեց:

Իսկ Հայաստանը չլքելը կապում եմ բացառապես սնապանծության հետ: Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ ավելի լավ է լինել գեղի առաջին տղեն, քան քաղաքի երկրորդը: Հա, Գրզոն էլի աղքատ չէ ու բիզնեսներ ունի նաև արտասահմանում, բայց արտասահամանում նա ընդամենը մեկն է բազմահազար հետխորհրդային մեծահարուստներից, իսկ Հայաստանում նա Գրզոն է, հասարակական ճանաչում ու որոշ դեպքերում էլ ակնածանք է վայելում, դերակատարություն ունի հասրակական որոշ ընթացքների վրա ու հավակնում է նաև քաղաքականի վրա ստվերային ազդեցություն ունենալ: Այս գեղում նա առաջին տղերքից է, իսկ փառքն ու իշխանությունը, ինչպես հայտնի, ավելի թանկ են ոմանց համար, քան բանկային հաշվին եղած գումարի չափը:

Արմեն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին