▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում ավստրիական ՊԱԾ–ն ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը

Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցու պատասխանը զրպարտիչներին․

«Տեղեկացանք, որ «բացառապես ճշմարտությունը խոսող» արմանբաբաջանյաններ ընթերցողի համար մոլորեցնող ու բացահայտ կեղծ տեղեկություններ են հնչեցրել իրենց հարցազրույցներում: Նպատակը Ավստրիայում նախատեսված Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նախընթաց շրջանում տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելն է, ինչպես նաև ամեն գնով հոգեբանական ճնշում գործադրելը ժողովը չեղարկելու համար:


Ավստրիան Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակության կենտրոնն է, որտեղ ՀԱՍԵ-ն պետականորեն ճանաչված 4-րդ ամենահին կրոնական համայնքն է: 

ՀԱՍԵ անդամակցում է Ավստրիայում Եկեղեցիների Էկումենիկ խորհրդին, որի գործող նախագահը Հայրապետական պատվիրակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Տիրան եպս. Պետրոսյանն է, որն արդեն երկրորդ անգամ է ընտրվում հիշյալ պաշտոնում (ի դեպ, 2 շրջան անընդմեջ ոչ մի եկեղեցու ներկայացուցիչ չի ընտրվել այդ պաշտոնում):


Սուրբ Հռիփսիմե առաջնորդանիստ եկեղեցին գտնվում է Վիեննա քաղաքում, որին կից գործում է շուրջ 200 աշակերտ ունեցող Հովհաննես Շիրազ շաբաթօրյա դպրոցը: Ի տարբերություն ՀՀ, Ավստրիայի հանրակրթական դպրոցներում ո՛չ միայն արտոնվում, այլ նաև խրախուսվում է դասավանդել Հայ եկեղեցու պատմություն առարկան (ուսուցիչներն էլ վճարվում են պետության կողմից):
Վիեննայից բացի, Հայ Առաքելական Եկեղեցական համայնքներ կան Ավստրիայի 3 այլ մարզերում: 
Վիեննայում է գործում նաև Հայ Կաթողիկէ Մխիթարյան միաբանությունը (ի դեպ, միակ ճիշտ տեղեկատվությունը):


Ինչ վերաբերում է Ավստրիայում գոյություն ունեցող քրեական տարրերի հիշատակմանը, ապա վստահեցնում ենք, որ Ավստրիան, իբրև ժողովրդավարության բաստիոն, օրենքի ողջ խստությամբ կարգի է հրավիրում ոչ միայն քրեածին բոլոր տարրերին, այլ նաև, օրինակ՝ Արման Բաբաջանյանի նման ստախոս և թեմակալ առաջնորդի կնիքը կեղծող խարդախներին, կամ՝ օրինակ Ավստրիայում գործող որևէ հոգևորականին ծիսական տեքստերը «բարեկամաբար» կրճատել հորդորող պետական պաշտոնյաներին, եթե այդպիսիք Ավստրիայում գտնվեին:
Ի հավելումն այս ամենի, ցանկանում ենք իրազեկել մեր հանրությանը, որ Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում ավստրիական Պետական Անվտանգության ծառայությունն ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը հիշյալ ենթադրյալ տարրերից, ինչպես նաև ժողովն ամեն գնով չեղարկել ցանկացող ՀՀ իշխանությունների մունետիկներից:


ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՒ ՍԿԱՆԴԻՆԱՎԻԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին