▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էֆթանազիա. գթասրտությունից մղված մահ, թե՞ մահապատիժ

Հայազգի հայտնի բժիշկ Ջեկ Գևորգյանը «գթասրտությունից մղված մահ» է «պարգևել» ավելի քան 130 ԱՄՆ բնակչի: «Գթասրտությունից մղված մահ»-ը կամ էֆթանազիան  մահվան  դատապարտված  հիվանդի  տառապանքների վերջ տալն է. բժշկի միջամտությամբ հիվանդին բարձր դոզայով մահաբեր է ներարկվում: Անգլիացի լրագրող  Ֆիլ Սաչը առաջիններից էր,  ով էֆթանազիայի ակտիվ կողմնակիցներից դարձավ` դեմ գնալով Բրիտանիայում էֆթանազիան արգելող օրենքին:

Էֆթանազիան օրենսդրորեն արգելվում է նաև Հայաստանում: Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետությունում արգելվում է էֆթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով: Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են էֆթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Վերոհիշյալին համակարծիք է նաև ուռուցքաբան Արամ Ակունցը: «Ես և  իմ շրջապատի բժիշկների մեծ մասը դեմ ենք էֆթանազիային` գտնելով, որ այն հակասում է բժշկի մարդասիրական առաքելությանը: Եթե 10 կամ 100 000 հիվանդից թեկուզ և մեկը հրաշքով փրկվի, ուրեմն էֆթանազիայի մասին խոսելը կոռեկտ չէ: Ես այնպիսի հիվանդների հետ եմ աշխատում, որոնց մեծ մասը դատապարտված է: Եթե  դուք  նրանց դեմքերին նայեք, կհասկանաք, որ մեկ ժամ ապրելու  համար նրանք  պատրաստ են ամեն ինչի»,-նշում է նա:

 Իսկ ահա «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար, բաժնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Սահակյանը կարծում է, որ Հայաստանում չափանիշներ չկան, որոնցով որոշվում է՝ արժե՞ պայքարել տվյալ հիվանդի կյանքի համար: «էֆթանազիայի հարցը ճիշտ կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ բժշկության մեջ հստակեցվի, թե որ դեպքերում հիվանդը չունի հետագա կյանքի հնարավորություն։ Զարգացած երկրներում սահմանված են չափանիշներ, որոնցով որոշվում է՝ արժե՞ պայքարել տվյալ հիվանդի կյանքի համար թե` ոչ: Մեզ մոտ նման չափանիշներ չկան. դրա համար նախ անհրաժեշտ Է, որ մեր հիվանդանոցներն իրենց տեխնիկական հագեցվածությամբ համապատասխանեն միջազգային չափանիշներին»,-նշում է նա:

Հայաստանում էֆթանազիան արգելվում է ոչ միայն օրենսդրությամբ, այլև` եկեղեցու կողմից: Հայոց եկեղեցու սպասավոր Գևորգ սարկավագ Գևորգյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում փաստեց, որ այս խնդրի վերաբերյալ եկեղեցին  իր հստակ դիրքորոշումը ունի` մարդը տիրոջ կողմից է արարվել և տիրոջ կողմից էլ պետք է նրա կյանքը վերցվի: «Մենք չէ, որ ցանկացել ենք լույս աշխարհ գալ և մենք չէ, որ պետք է ցանկանանք հեռանալ այս աշխարհից: Աստված է, որ մեզ կյանք է տվել, և ինքը, որպես արարիչ ու ստեղծիչ աշխարհի ու մարդկության, իր իրավունքն է վերցնել կամ կյանք տալ մեզ»,-նշեց նա:

Հայաստանում էֆթանազիայի անօրինական գրանցման դեպքերի վերաբերյալ մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ պաշտոնական տվյալներով` նման դեպքեր չկան: «Հայաստանում էֆթանազիայի կիրառումը օրենքով արգելված է, ուստի, այն բժիշկները, ովքեր կփորձեն այն կիրառել կենթերկվեն պատասխանատվության»,- նշեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ էֆթանազիա  տերմինը, որը «թեթև մահ» է ձևակերպվել,  անգլիացի  փիլիսոփա Ֆրենիս  Բեկոնը առաջարկել է դեռևս 17-րդ դարում: Այս  տերմինի  ժամանակակից  ձևակերպումը` «գթասրտությունից  մղված սպանություն» 1980 թվականին է տրվել: Աշխարհում Էֆթանազիան առաջինը Նիդեռլանդներն է օրինականացրել, իսկ ահա Ցյուրիխը  «Էֆթանազիայի  համալիրային  մայրաքաղաք»-ն է  համարվում:

Հեղինակ` Նուարա Ամիրջանյան

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին