Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր քարոզում նշել է՝ չպետք է տրվել չարիք ստեղծող գաղափարներին, որոնք միտված են հզոր ու հաղթած ժողովրդին դարձնելու տկար, թույլ ու թշվառ զանգված․
«Ես ամեն անգամ պիտի հիշեցնեմ սա․ այսօր մեր սրբազան երկիրը կալանքի մեջ է գտնվում։ Կալանավորված, պատանդառված երկիր։ Մեր Արցախ աշխարհը, մեր ողջ կյանքը, մեր քույրերն ու եղբայրները անմարդկային տառապանքների միջով են անցնում։
Ես չեմ մեղադրում ոչ մեկին՝ արտաքին թշնամական բանակներից։ Ես մե՛զ եմ մեղադրում, եթե մեղադրում եմ, մեր երկու տարբեր, բախվող իրականությունների մեջ։
Մեր պատգամը դարձյալ ու դարձյալ լինելու է․ ժողովուրդ ջան, սիրելի՛ ժողովուրդ․ ձեր ականջները խուլ դարձրեք, ձեր աչքերը կույր դարձրեք, ձեր սրտերը փակեք բոլոր այն չարիք ստեղծող գաղափարների հանդեպ, որոնք գալիս են ձեզ վնասելու՝ հզոր, հաղթող ու հաղթած ժողովրդից, Աստծու ժողովրդից դարձնելու տկար, թույլ, թշվառ զանգված՝ ատելությամբ, թշնամությամբ ներարկված, փախստականի և դասալիքի կնիքը արդեն իսկ փորձելով ճակատին դրոշմել։
Մերժեք այդ բոլորը, խնդրում եմ, ոգի ի բռի մերժեք, ձեր մտքով մերժեք, ձեր կյանքով մերժեք, ձեր խոսքով մերժեք, հրաժարվեք այդ բոլորից, չմնաք երբեք դրանց ներքո։ Դրանք ոչնչացնում են մարդուն, մարդու արժեքից զրկում են, դարձնում են բանջարեղեն, լավագույն դեպքում՝ կենդանի»։