Տրանսֆորմացիոն հասարակություններն առանձնանում են իրենց հեղհեղուկ վիճակով: Այստեղ շատ հաճախ են տեղի ունենում որակական փոփոխություններ, որոնք հիմնականում համակարգային Ճգնաժամերի արդյունք են:
Այստեղ սովորաբար սկսում են չգործել որոշ ինստիտուտներ, կամ, որ ավելի վատ է, որոշ ինստիտուտներ գործում են մյուսների հաշվին, արդյունքում ծանրանում է համակարգի ֆունկցիոնալ վիճակը, առաջանում է սոցիալ-քաղաքական խեղում և ճգնաժամային իրադրությունը պատրաստ է:
Քաղաքական էլիտան, չլինելով իր տեղում, իրականացնելով ռեսուրսների վուլգար բաշխում, խորացնում է համակարգի տկարությունը: Տրանսֆորմացիան օբյեկտիվորեն առաջ է բերում ավելի շատ խնդիրներ, քան կայնուն վիճակ, դրանց ապաշնորհ լուծումն էլ ավելի է ֆրագմենտացնում խնդիրները, տրոհում դրանք, բազմացնում, որոնք էլ վերջնականապես համալիր բնույթ են ձեռք բերում՝ կուտակվելով այլ խորքային խնդիրների կողքին:
Մարդիկ սկսում են հույս չկապել ներքին էլիտայի հետ և որոնում են արտաքին առաջնորդում՝ հուսալով, որ արտաքին վեկտորի փոփոխությունը կբերի նաև ներքաղաքական անոմալիաների նվազեցման:Համակարգային ճգնաժամը քաղաքականապես ակտիվացնում է զանգվածներին, որը վերաճում է կոնկրետ քաղաքական գործունեության. հեղաշրջումն անխուսափելի է:
Այդպես եղավ Ուկրաինայում, եթե տեղի ունեցած քաղաքական գործընթացը փորձենք մեկնաբանել համակարգային մեթոդով: Մայդան կանգնի կառավարություն կկոտրի: Զանգվածների մոտ դիսկոմֆորտի զգացողությունը միշտ հեղաշրջման վտանգ է պարունակում, նման դեպքերում անհրաժեշտ է խելամիտ քաղաքական էլիտայի, իրական քաղաքական լիդերների առկայություն, որպիսիք պետք է լինեն իշխանության մեջ, ովքեր ժամանակին կարող են ընդունել ճգնաժամային իրադրությունից բխոխ որոշումներ, որոնցով , սակայն, չեն փայլում հետխորհրդային երկրները: Արդյունքում Ուկրաինական իշխանությանը բաժին հասավ հեղաշրջում:
Ճիշտ է, տեղի ունեցածը դասական իմաստով հեղաշրջում անվանելը դժվար է, սակայն մարդկանց մասնակցությունը սոցիալ-քաղաքական իրականություն փոխեց: Յանուկովիչը, բնականաբար, իշխանությունը պահելու, հասարակության զայրույթը զսպելու համար փրձեց կառավարության հրաժարականով հանդարտեցնել հասարակությանը: Սակայն, տրանսֆորմացիոն հասարակությունում գործընթացները որքան հեշտ կառավարելի են, նույնքան էլ անկառավարելի, եթե դրանք դուրս են գալիս իշխանության վերահսկողությունից, իսկ այդ ժամանակ հատկապես ակնառու է քաղաքականության սիրելի էֆեկտներից մեկը՝ դոմինոյի էֆեկտը:
Այնպես որ, դոմինոյի քարերն անկանխատեսելի ու անկասելի են և կարող է Յանուկովիչին էլ վայր գցեն: