▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը

Շուշիի նախկին փոխքաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԱԾ հետախուզության սպա, նույն ինքը՝ Սարգիս Գալստյանը, Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժն արդեն կրում է Արթիկի բանտում: Գալստյանի գործով դատական որոշումն ուժի մեջ է մտել նախորդ ամիս և նա օրերս տեղափոխվել է պատժի կրման վայր: Այս մասին գրել է Ազատությունը։

Նախ առաջին ատյանի, ապա Վերաքննիչ դատարանները ապացուցված են համարել, որ «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը, 2018-ից սկսած բարձր պաշտոններ զբաղեցնելով, տարիներ շարունակ լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին:

Դատական գործի նյութերի համաձայն, Գալստյանը 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ, ումից էլ ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարություն: Գալստյանը տվել է իր համաձայնությունը, այդ կերպ հավաքագրվել է հետախուզական ծառայության կողմից, որից հետո էլ ստացել է ադրբեջանական «Սարխան» ծածկանունը:

Ավելի քան մեկ տարի տևած դատավարության նյութերից տեղեկանում ենք, որ Գալստյանը 2020-2023 թվականների ընթացքում, հավաքել և WhatsApp-ի ու բջջային այլ հավելվածների օգնությամբ՝ նամակագրության, զանգերի միջոցով՝ հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել «Արցախում գտնվող բնակչության կարիքների, անգամ սննդի առկայության մասին տեղեկություններ, նաև թե ինչ տրամադրություններ կան արցախահայերի շրջանում»:

Գալստյանը, ըստ գործի նյութերի, նաև մանրամասներ է փոխանցել ղարաբաղյան հարցի կապակցությամբ Հայաստանի և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, նրանց միջև եղած հակասությունների մասին, 2023 սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության զինվածության, հնարավոր դիմադրության և նման բնույթի այլ տեղեկություններ: Գալստյանի լրտես լինելու մասին խոսակցությունները Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ հայաթափումից հետո նա որոշեց կնոջ՝ Մարգարիտայի հետ մնալ Ստեփանակերտում․․․

Ինչո՞ւ է Սարգիս Գալստյանը կապ հաստատել ադրբեջանցի պատգամավոր հետ․
Սարգիս Գալստյանը նախաքննության ընթացքում խոստովանել է, որ կապ է հաստատել Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևի հետ՝ SMS գրելով նրա հեռախոսահամարին՝ «Salam Tural, esli budet udobno perezvoni», «բարև, Թուրալ, եթե հարմար լինի, ետ զանգիր»:

Թուրալ Գյանջալիևն, ի դեպ, մինչև պատգամավոր ընտվելը, 2020 -ին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարն էր և հայերենով խաղաղության մեսիջներ էր հղում արցախցիներին. «Ես Շուշայում եմ մեծացել: Լավ եմ հիշում՝ իմ մանկության տարիներին մեր թաղամասում ադրբեջանցի և հայ երեխաները միասին էին խաղում»:

Թուրալին ուղարկած SMS -ին, ըստ գործի նյութերի, պատասխանել է Սամիրը, ով ներկայացել է, որպես պատգամավորի օգնական, բայց հետագայում հայտնել է, որ իրականում իր անունը Ռեշադ է և ինքը հատուկ ծառայությունների աշխատակից է:

Հենց նրան էլ Գալստյանն, ըստ իր ցուցմունքների, փոխանցել է տեղեկատվությունը։ Գալստյանը Սամիրին է ուղարկել նաև Ստեփանակերտի Կրկժան թաղամասի լուսանկարները, որը նույնպես հրետակոծվել էր ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ: Սարգիս Գալստյանը, սակայն, հետագայում հրաժարվել է այս ցուցմունքից, պնդելով, թե իր նկատմամբ ճնշումներ են եղել: Սակայն դատարանը արժանահավատ է համարել ձերբակալման ժամանակ տրված նրա ցուցմունքները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին