▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվարանում եմ հավատալ, որ լուծում կտրվի, բայց պետք է պայքարել. Անժելա Սարգսյան

«Առավոտյան,  նախքան աշխատանքի գնալը, ամեն օր ստուգում եմ նորությունները, և երեկ ինձ շատ էր զայրացրել էր այն ամենը, ինչ արել էին երիտասարդների հետ: Ես ագրեսիայի կողմնակից չեմ, ամեն ինչ սիրում եմ խաղաղ ճանապարհով լուծել: Նախկինում էլ էի դեմ, բայց ցույցերին չէի կարողանում մասնակցել աշխատանքիս պատճառով (նկարահանումներ և փորձեր ունեի), բայց տեսնելով կատարվածը` զայրույթս այն աստիճանի հասավ, որ հասկացա, որ կապ չունի` գիշերը քնելու եմ, թե ոչ»,-Asekose.am-ի թղթակցին ասաց դերասանուհի Անժելա  Սարգսյանը, ով հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների և պատգամավորների հետ միասին երեկ կենդանի պատ էր կազմել ոստիկանների և ցուցարարների միջև:

Անժելայի խոսքով` երեկվա  ցույցին մասնակցել է ընկերների հետ միասին.

«Երեկոյան 8-ից մինչև 10-ը մասնակցել եմ ցույցին, որից հետո գնացել եմ աշխատանքի, ապա` վերադարձել 00:30-ին մոտ և այնտեղ մնացել մինչ 03:00. ավելի երկար չէի կարող մնալ, որովհետև առավոտյան պետք է մասնակցեի փորձի»:

Մեր այն հարցին` արդյո՞ք հավատում է, որ խնդիրը ցուցարարների ջանքերի շնորհիվ լուծում կստանա, Անժելան պատասխանեց հետևյալ կերպ.

«Հաշվի առնելով այս տարիների մեր տխուր փորձերը, թերևս, միակ դեպքը, որ ժողովուրդը հասել է իր ուզածին, տրասնպորտի չթանկանալն էր: Ես դժվարանում եմ հավատալ, որ լուծում կտրվի, բայց պետք է պայքարել: Ժողովրդի վիճակը ծայրահեղ է, մարդիկ չեն կարողանում ապրել, այդ մարդկանցից մեկն էլ ես եմ այս երկրում»:

Զրույցի վերջում Անժելա Սարգսյանը հավելեց, որ այսօր էլ միանալու է ցուցարարներին, և այս անգամ դա, հավանաբար, անելու է դստեր` Եվայի հետ միասին:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին