▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմացինի հանդեպ նախապաշարված լինելը հակաքաղաքակրթության ախտանիշ է

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Քաղաքակրթության իմաստը ու այդքանով էլ՝ ուժը դիմացինին սիրելու ունակության մեջ է նրա մարդ էակ լինելու համար՝ ի հեճուկս բոլոր այլ տարբերությունների: Դիմացինի հանդեպ նախապաշարված լինելը՝ նրա այլ ազգի, հավատի, մշակույթի, սեռական կողմնորոշման կամ սոցիալական պատկանելության պատճառով հենց հակաքաղաքակրթության ախտանիշ է: Բարձր քաղաքակրթությունը միշտ կլանում է ցածրերին: Հայերը միշտ կամովին ձուլվել են իրենցից ավելի բարձր քաղաքակրթական սանդղակի վրա գտնվող ազգերի մեջ՝ գտնելով այնտեղ բարյացակամ եւ անխտրական վերաբերմունք: Եվ հակառակը՝ միշտ ուրույն ու մեկուսացած են մնացել ավելի պակաս քաղաքակրթված հանրույթներում: 
Այժմ եթե հայաստանցիներս ուզում ենք լավ իմաստով դոմինանտ դիրք գրավել տարածաշրջանում՝ Ստամբուլից մինչեւ Կարաչի եւ Հորդանանից մինչեւ Գրոզնի, ինչը մեզ համար նաեւ անվտանգության խնդիր է, ապա պետք է պատասխանենք մեկ հարցի՝ արդյո՞ք ի վիճակի ենք սիրել մեզ շրջապատող տարածաշրջանում ապրող մարդ էակներին ու նրանցից կազմված ազգերին անկեղծորեն եւ վեհանձնաբար, որպես ուժեղ եւ իր ինքնության վրա վստահ հանրույթ: 
Արդյո՞ք պատրաստ ենք սկսել դրական լիցքեր հաղորդել մեր շրջապատին, անտրտունջ աշխատելով նրանց վրա (լավ իմաստով, ոնց որ այսօր մեզ հետ են աշխատում մեզանից ավելի քաղաքակրթված ազգերը), անգամ ազերիներին եւ թուրքերին՝ սկսելու համար ձեւավորել հատկապես նոր-նոր կազմավորվող ազգերի գիտակցության մեջ հայերի-հայաստանցիների կերպար որպես վեհ, մեծահոգի, ներողամիտ եւ իմաստուն մի ժողովրդի: Մի կերպար, որը կդաջվի նրանց հիշողության մեջ հարյուրամյակների համար եւ որը մեր կամուրջը կդառնա դեպի բազմազանությամբ հարուստ եւ մեզանից հարյուրապատիկ բազմամարդ տարածաշրջան: Որը կերաշխավորի տարածաշրջանի հետ մեր ինքնուրույն, առանց պատռոնների/հովանավորների (տվյալ դեպքում՝ ռուսների) հարաբերվելը, խաղաղ գոյակցության կերտման հեռանկարով՝ ապահովելով մեր կենարար կամուրջները դեպի տարածաշրջան: 
Երբ կարողանանք այս հարցերին դրական պատասխան տալ՝ մեր ազգային շահերի պաշտպանության ջատագովներ կդառնան տարածաշրջանի միլիոնավոր այլադավան ու այլազգի մարդ էակներ, մեր ազգային շահերը ինչ որ իմաստով կդառնան վերազգային ամբողջ տարածաշրջանի համար: 
Սրանք, իհարկե, միջնաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ են, որոնցով սակայն պետք է սկսենք զբաղվել արդեն այսօր՝ անկախ այն բանից թե որքանով է մեզ հաջողվում իրագործել կարճաժամկետ եւ հրատապ՝ ներպետական ու ներհասարակական մաքրագործման խնդրի լուծումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին