▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Արսեն Գրիգորյանը՝ անվասայլակին հայտնվելու, ամերիկյան ֆիլմում նկարվելու և անձնականի մասին

Life.panorama.am-ը գրում է. Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը, ով հայտնի է իր բազմաժանր դերերով («Մոխրամանը», «Կյանքը մեկ օրում», «Կորցված եւ գտնված Հայաստան», «Ալա Բալա Նիցա», «Արտիստը», «Դուռը բաց», «Tangerine», եւ այլն), ինչպես նաեւ կրկին բազմաժանր հեռուստանախագծերի հաղորդավարությամբ («Երաժշտական փոտարկղ», «Մերկ Ճշմարտություն», «Ռուբիկոն», «Կամիլ բլոգ», «Հայաստանի ձայնը»), վերջերս է ԱՄՆ-ից վերադարձել Հայաստան: Դերասանի գալուստը բավականին տպավորիչ եղավ եւ քննարկվեց, քանի որ Արսենը օդանավակայանում անվասայլակի վրա էր նստած, Արսենը պատմեց, որ ոչ մի լուրջ առողջական խնդիր չունի. «ԱՄՆ-ում ընդամենը ոտքս էի վնասել, ի ուրախություն ինձ՝ չէի կոտրել, թեպետ լուրջ վնասվածք էր եղել, բժիշկների ախտորոշմամբ սալջարդ էր տեղի ունեցել, բայց արդեն կամաց-կամաց կազդուրվում եմ»:

Վերադառանալու անմիջապես հաջորդ օրը Արսենը Երեւանի պետական Կամերային թատրոնում «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման է եղել եւ ստիպված է բեմ դուրս գալ ոտնամանով եւ ձեռնափայտով. «Դե ստիպված էի բեմ դուրս գալ ոտնամանով եւ ձեռնափայտով, արդյունքում կերպարս կտրուկ եւ ճկուն փոփոխվեց, հանդիսատեսի այն մասն էլ, ով գիտեր, որ ոտքի հետ կապված խնդիր ունեմ, նորմալ արձագանքեց, բայց ովքեր չգիտեին, մի քանի խոսակցություններ ականջիս հասան, ասել էին, թե ինչ լավ  է կաղի դեր խաղում»:

Անդրադառնալով ԱՄՆ այցի եւ Հայաստան վերադառնալու նպատակներին եւ պատճառներին՝ Արսեն Գրիգորյանը նշեց. «ԱՄՆ էի մեկնել, որպեսզի մասնակցեմ «World Armenian Entertainment Awards»  մրցանակաբաշխությանը, որտեղ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ միասին պետք է մրցանակ հանձնեի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում կայացան մի շարք ստեղծագործական հանդիպումներ՝ կապված նոր նախագծերի հետ, որոնք դեռեւս շատ նախնական փուլում են գտնվում, միայն զրույցների մակարդակում, իսկ վերադարձա, քանի որ այստեղ ունեի մի շարք ներկայացումներ. Երեւանի պետական Կամերային թատրոնում ներկայացումներ ունեի, հուլիսի 1-ին եւ 2-ին էլ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կխաղամ «Չիպոլինոյի արկածները» ներկայացման մեջ որպես Սենիոր Պոմիդոր, բոլորին՝ մեծ ու փոքր, հրավիրում եմ այդ ներկայացմանը»:

Վերջին շրջանում նա ԱՄՆ-ում կարեւոր ֆիլմում է նկարահանվել, որի ռեժիսորն է Շոն Բեյքերը («Blackout»2015, «Q»2014, «Kissed by the Devil»2011, «Cuttin Da Mustard»2008, եւ այլն). «ԱՄՆ-ում նկարահանվեցի «Tangerine» ֆիլմում, որի իրավունքները վերցրեց  «Magnolia pictures»-ը, հուլիս 10-ին այն արդեն Միացյալ նահանգներում կլինի էկրաններին, հուսամ տարվա ընթացքում մեր երկրում էլ այն կցուցադրվի: Սա ամերիկյան ֆիլմ է, որում  կան չորս հայ դերասաններ՝  Կարեն Կարագուլյանը՝ Նյու Յորքից, Ալլա Թումայնաը՝ Լոս Անջելեսից, ես եւ Լուիզա Ներսիսյան՝ բնականաբար Հայաստանից: Ֆիլմում կա հայի պատմություն, որոնք մենք ենք մարմնավորում. ես խաղում եմ հայ տաքսու վարորդի դեր»:

Հարցին, թե նման այլ առաջարկներ կրկին կան արդյոք, քանի որ  «Tangerine»-ի մասին հայ հանդիսատեսը շատ ուշ է իմացել, Արսենը պատասխանեց. «Ցավոք սրտի ոչ, եթե լինեին, կասեի հաստատ»:

Փոխարենը Արսեն Գրիգորյանը Հայաստանում  Լիլիթ Մովսիսիյանի («Կյանքը մեկ օրում», «Ես էլ», «Կաուչո», «Անձայն», «Խիո») հետ զբաղված է նոր ֆիլմի վրա. «Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի հետ նոր ֆիլմի վրա ենք աշխատում, որն ամենայն հանավականությամբ կլինի հայ-ամերիկյան փրոդաքշն, այսինքն՝ ուզում ենք համագործակցել ամերիկյան մասնագետների հետ, բայց սա դեռ շատ սկզբնական փուլում է գտնվում, հավանաբար 2016-ին կամ 2017-ին այն կներկայացվի: Ֆիլմը դրամաքոմեդիկ ժանրի մեջ է լինելու, հուսամ մեր մտածած բոլոր իդեաները կիրականանան»,- պատմեց դերասանը:

Հեռուստադիտողը սովոր է Արսենին տեսնել քոմեդիկ ժանրում, բայց դերասանը նկատեց, որ ցանկանում է որեւէ լուրջ եւ դրամատիկ դեր մարմնավորել առաջիկայում. «Չնայած նրան, որ թատրոն հաճախող հանդիսատեսը ինձ տեսել է տարբեր ժանրերում, այնուամենայնիվ, հեռուստադիտողի համար ես ավելի քոմեդիկ դերերով եմ տպավորված, դա գուցե իմ մարդկային տեսակից էլ է գալիս, դրա համար այսօր մարդիկ գուցե չեն էլ պատկերացնում, որ ինձ կարող են տեսնել շատ մեծ ծանրության որեւէ դրամատիկ դերում. Առաջիկայում չեմ բացառում, որ նման դերում ինձ հեռուստադիտողը կտեսնի, համենայն դեպս, առաջարկի դեպքում, չեմ մերժի»:

 Դերասանական ակտիվ աշխատանքների հետ մեկտեղ Արսեն Գրիգորյանը չի մոռացել նաեւ «32 թատրոնի» արտադրության «Կամիլ բլոգ»-ի մասին. «Հիմա բանակցություններ են գնում, եւ ամենայն հավանականությամբ սեպտեմբեր ամսից այն դարձյալ կլինի եթերում, բայց թե որ հեռուստաընկերությամբ, չեմ կարող ասել, քանի որ դա «32 թատրոն»-ի իրավասության եւ որոշման հարցն է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին