2014 թվականի հուլիսի 16-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից M-4 միջպետական նշանակության (Երևան-Սևան-Իջևան) ավտոճանապարհի կմ 73+200-կմ 80+120 հատվածում կատարվելու են հիմնանորոգման աշխատանքներ, որի ընթացքում ժամը 08:00-ից դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը նշված հատվածում: Դիլիջան երթևեկող տրանսպորտային միջոցները պետք է օգտվեն Ծովագյուղ-Սեմյոնովկա գյուղերով անցնող շրջանցիկ ճանապարհից:
Հաշվի առնելով, որ շրջանցիկ ճանապարհը ներկա պահին չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար չի գտնում այդ ճանապարհով ժամանակակից խոշորածավալ տրանսպորտային միջոցների՝ հատկապես 5 տոննայից ավել բեռնատարողությամբ բեռնատարների և 22 մարդուց ավել ուղևորներ փոխադրող ավտոբուսների երթևեկությունը:
Նման տրանսպորտային միջոցների երթևեկությունը Դիլիջան խորհուրդ է տրվում իրականացնել Երևան-Ապարան-Վանաձոր-Դիլիջան երթուղով:
2014թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով կհիմնանորոգվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածը։
Նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 11.06.2014թ. թիվ N 226-Ա հրամանով ս.թ. հուլիսի 16-ի ժամը 08:00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09:00-ն այդ ճանապարհահատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի:
Սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: