Այսօր մի շարք քաղաքացիներ ահազանգել են Asekose.am-ին` խնդրելով կապ հաստատել Երևանի Ջուր ՓԲԸ-ի հետ` պարզելու, թե երբ է վերականգնվելու Դավիթաշեն 4-րդ թաղամասի ջրամատակարարումը: Ահազանգողներից շատերի պնդմամբ` իրենք կապ են հաստատել Երևան Ջուր ՓԲԸ-ի հետ, սակայն որևէ հստակ տեղեկություն չեն կարողացել ստանալ: Բնակիչներին պատասխանել են, որ վնասված խողովակներ կան և իրենք պատասխանատվություն չեն կրում տվյալ խնդրի համար: Նշենք, որ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները խոստովանել են, որ իրենց մտահոգություններից մեկն էլ այն է, որ այս կիրակի օրն անցկացվող Վարդավառի տոնին կարող են մնալ առանց ջրի:
Asekose.am-ի թղթակիցը կապ է հաստատել Երևան Ջուր ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանի հետ, ով ասաց, որ առաջացած խնդիրը որևէ առնչություն չունի իրենց հետ.
«Տվյալ տարածքում շինարարություն իրականացնող կազմակերպությունը, որը մեզ հետ ընդհանրապես կապ չունի, վնասել է մեր ջրատարը: Այս պահին որևէ հստակ պատասխան տալ չեմ կարող թե, ինչպես պետք է լուծել խնդիրը»:
Իսկ այն հարցին, թե ինչու՞ մինչ այս որևէ միջոցներ չեն ձեռնարկվում խնդիրը լուծելու համար, այն դեպքում, որ ջրամատակարարումը կանգնեցվել էր 4 օր առաջ, Մուրադ Սարգսյանը կրկին ասաց, որ իրենք մեղավոր չեն, իսկ որպես խնդրի մեղավոր մատնանշեց շինարարին:
Այնուհետև` Մուրադ Սարգսյանը հավելեց, որ իրենց խնդրի լուծման համար ժամանակ է պետք.
«Քաղաքացիները կարող են դիմել շինարարին, սակայն տվեք ինձ ժամանակ, որպեսզի ճշտեմ, թե ո՞վ է տվյալ շինարարը և ինչո՞ւ չի վերանորոգում խողովակը հնարավորինս արագ»:
Որոշ ժամանակ հատկացնելուց հետո Asekose.am-ի թղթակիցը կրկին կապ հաստատեց Մուրադ Սարգսյանի հետ` պարզելու արդյո՞ք խնդրի վերաբերյալ կան նորություններ, թե՞ ոչ: Վերջինս ասաց, որ չնայած աշխատանքը ծավալով շատ մեծ է` այն շուտափույթ լուծում կստանա.
«Այսօր մինչև օրվա վերջ կկայանա խնդրի քննարկումը և կորոշվի, թե շուտափույթ լուծման համար ո՞վ ի՞նչ գործողություններ պետք է կատարի: Մենք, թեև որևէ մեղք չունենք այս հարցում, սակայն կաջակցենք շինարարին, որպեսզի ջրազրկված երկու փողոցների բնակիչները չտուժեն»:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան