▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԾԻԳ-չի փոխհատուցի դերասանից պահանջվող գումարը. «Ժողովուրդ»

Հունվարի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց հայտնի եւ սիրված դերասան Վարդան Պետրոսյանը: Բացի այս՝ դատարանը բավարարեց տուժող կողմի՝ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի աշխատակից Հայկազ Կարապետյանի ներկայացրած քաղհայցը՝ հօգուտ Վարդան Պետրոսյանից հասցված վնասի համար գումար գանձելու վերաբերյալ:

 

Տեղեկացնենք, որ տուժող կողմի՝ Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» ավտոմեքենան պատկանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկին: Եւ դատարանը բավարարեց տուժող Արթուր Հակոբյանի 1 մլն  200 հազար դրամի չափով քաղհայցը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը հրապարակվեց, եւ ԳՆ գյուղատնտեսական ԾԻԳ-ի հաշվին մեղադրյալի կողմից պետք է փոխանցվի 1 մլն 200 հազար դրամ: Ձեր պահանջն ի սկզբանե այդքա՞ն է եղել, թե՞ դատարանը փոփոխություն է կատարել:

-Ո՛չ, դա մեր պահանջն է: Մեքենան, որը վթարի է ենթարկվել, մեղավորը պետք է փոխհատուցի, որովհետեւ այն պետական գույք է: Մենք ուսումնասիրել ենք, թե վթարված մեքենայի համար որքան մասը կարող է փոխհատուցել ապահովագրական ընկերությունը: Մենք մեքենան գնահատել ենք, եւ մի մասը հնարավոր է՝ փոխհատուցի տվյալ ապահովագրական ընկերությունն իր թույլատրված սահմանի չափով, մյուս մասի համար մենք հայց ենք ներկայացրել ընդդեմ մեղավորի: Այսինքն՝ մենք ասել ենք այդ տարբերությունը, որպեսզի կարողանանք փոխհատուցված գումարով պետության ունեցվածքը վերականգնել եւ այն բերել իր նախկին տեսքին:

-Որքա՞ն է կազմում ընդհանուր գումարը:

-Եթե չեմ սխալվում, այն կազմում է 3 մլն դրամ: Նշեմ, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է, որը օգտագործվում է ԾԻԳ-ի կարիքների համար:

-Փաստորեն, ամբողջ գումարը չէ՞, որ պետք է վճարի գործով մեղադրյալը:

-Այո՛, իսկ մյուս մասը մենք կներկայացնենք ապահովագրական ընկերությանը:

-Պարո՛ն Խաչատրյան, հնարավո՞ր է, որ հենց ԾԻԳ-ը փոխհատուցի դերասանի փոխարեն:

-Մենք ի՞նչ միջոցներով կարող ենք ինչ-որ բան փոխհատուցել: Դա ընդհանրապես նախատեսված չէ, եւ դրա համար ստանում ենք աշխատավարձ: Մենք՝ ԾԻԳ-ի աշխատակիցներս, բյուջեի միջոցներն ենք օգտագործում, մենք ծրագիր իրականացնող ենք: Պետությունը մեզ պատվիրում է՝ ինչ-որ աշխատանքներ իրականացնել, որի համար գումար ենք ստանում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին