▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի ենթարկվածը ՀՀ ոստիկանապետի թիկնազորի անդամի հորեղբոր որդին է. «Ժողովուրդ»

 ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, որին դիմակավորված անձինք փետրվարի 7-ին ծեծի էին ենթարկել, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Արկադիկի (ենթադրվում է, որ ազգանունը Խաչատրյան) հորեղբոր որդին է: Այս հանգամանքը ստեղծված իրավիճակն առավել քան ուշագրավ է դարձնում:  Առանց այդ էլ ԲՀԿ ակտիվիստին ծեծելու փաստը ինքնին բազմաթիվ հարցերի տեղիք տվեց, քանի որ մինչ այս, որպես կանոն, հարձակման էին ենթարկվում ընդդիմադիր հայացքների տեր գործիչներն ու ակտիվիստները: Իսկ այժմ պարզվում է, որ իշխանական էլիտայի պաշտպանության տակ գտնվող անձինք եւս կարող են հարձակման թիրախ դառնալ: Երեկ հայտնի դարձավ, որ պարզվել է մինչեւ Արտակ Խաչատրյանի առեւանգումը նրան հետապնդած ավտոմեքենայի մակնիշը` սեւ «Տոյոտա Կորոլա»: Եթե ՀՀ ոստիկանությանը հաջողվի բացահայտել այս պատմությունը, ապա նրանք կհերքեն տեղի ունեցածի հետ կապ ունենալու վերաբերյալ բոլոր կասկածները: Ի դեպ, լուրեր կան, որ Արտակը ծեծից առաջ հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

 

Նյութը` կարող եք կադալ նաւ ստորև. 

 

ԾԵԾՎԱԾ ԲՀԿ-ԱԿԱՆՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է

ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ՓՄՁ-ների ակցիաների ակտիվիստ Արտակ Խաչատրյանը շուտով հանրությանը կներկայացնի փետրվարի 7-ին իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները: Այս մասին «Մալաթիա» ԲԿ այցելած Armlur.am-ի թղթակցին հայտնեց ակտիվիստը` հավելելով, որ վերջնականապես կազդուրվելուն պես ինքն իր ասելիքը կասի: «Նախաքննական մարմինն անում է իր գործը, եւ շուտով ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց մեր զրուցակիցը: Armlur.am-ի հարցին` ճի՞շտ են արդյոք շրջանառվող լուրերն այն մասին, թե ծեծի ենթարկվելու նախորդ օրն ինքը հանդիպել է ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հետ, ինչի հետ էլ կապվում է տեղի ունեցածը, Արտակ Խաչատրյանը պատասխանեց. «Պարոն Օսկանյանի հետ հանդիպել եմ փետրվարի 5-ին` ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ: Նրա հետ չեմ զրուցել ու այդ օրը միայն նրան չէ, որ տեսել եմ: Բնականաբար, մի քանի մասնակիցների հետ զրուցել եմ: Պարոն Օսկանյանին հեռվից գլխով բարեւի նշան եմ տվել: Լուրերը, թե հանդիպումը որեւէ կերպ կարող է կապ ունենալ տեղի ունեցածի հետ, չեն կարող հավաստի լինել»:

Նշենք, որ ծեծի ենթարկված ակտիվիստի հետ երկար խոսել չհաջողվեց, քանի որ նրան հանգիստ էր պետք: Իսկ «Մալաթիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացանք, որ Արտակ Խաչատրյանի ինքնազգացողությունը բարելավվում է, առավոտյան նաեւ կարողացել է նախաճաշել: Տեղեկացնենք, որ դեպքից հետո վիրահատել էին նրա քիթը, ինչի հետեւանքով նրա թոքերում օդ էր կուտակվել: Այն հեռացնելու համար կատարվել է դրենաժավորում. երեք օրից դրենաժը կհանվի:

Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ եւ գործով տուժող ճանաչված Ա.Խաչատրյանը: Դեպքի օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արտակ Խաչատրյանը եւ իր ընկեր Նարեկ Աբրահամյանը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են Երեւան քաղաքի Տոլստոյի փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրին եւ կայանել նշված համալիրին կից պատի տակ: Այդ պահին Տոլստոյի փողոցի վերեւի հատվածից արագ նրանց է մոտեցել «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենա, որից իջել են դիմակավորված, սեւ համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդ: Նախնական տվյալներով՝ նրանց մոտ եղել է նաեւ հրազեն:

Նրանք Ն. Աբրահամյանին հրել են մի կողմ, իսկ Ա.Խաչատրյանին նստեցրել ավտոմեքենան եւ արագ ընթացել Նար-Դոսի փողոցի ուղղությամբ: Ապա մի քանի ժամ ծեծի են ենթարկել ակտիվիստին, հետո բաց են թողել մի ամայի տարածքում, որտեղից էլ տուժածը ինքնուրույն մի կերպ տուն է հասել: Նախաքննության ընթացքում տուժող Ա. Խաչատրյանի եղբայրը քննությանն է ներկայացրել տեսագրություն, որի զննությամբ պարզվել է, որ դեպքի օրը Նարեկ Աբրահամյանի վարած «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենային հետեւել է «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենան:

Հեղինակ` ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին