▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէ՞ որ կարևորը միայն բռնապետն է...

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ Բաքվի Ղարաչուխուր մզկիթում սալաֆիական քարոզիչը շիա մահմեդականներին հանդգնորեն կոչել է «ռաֆիզի» (բռց. «մերժող») քամահրական անվանումով, որը սալաֆիական ներկա եզրաբանության մեջ մոտավորապես ունի այնպիսի վիրավորական իմաստային լիցք, ինչպիսին հայերենի «հերձվածող» բառն է:

Բացի այս դեպքից՝ ընդհանուր առմամբ պետք է նշել, որ սալաֆիականները իրենց, մեղմ ասած, այդքան էլ վատ չեն զգում Բաքվի բռնապետի հովանու ներքո:

Խոսքի ազատության ճնշումների և ընդդիմադիր բովանդակությամբ լրատվամիջոցների փակման ֆոնին, Բաքվի վարչակարգի ակնհայտ թողտվության պայմաններում ադրբեջանական համացանցային տիրույթում ազատորեն գործում է մասնավորապես «Սալաֆ Խաբար» ռեսուրսը, որը ներկայանում է որպես «Ադրբեջանի իսլամական հետազոտությունների և տեղեկատվական պորտալ»՝ իրականում ազատորեն տարածելով սալաֆիականության գաղափարները:

Սալաֆի իսլամականներն ակներևաբար լավ հասկացել են, որ Բաքվի վարչակարգի համար ամենակարևորը տեղի բռնապետին գովաբանելն է, որից հետո չի արգելվում վիրավորել նույնիսկ ավանդաբար այս երկրի բնակչության մեծամասնությունը կազմող շիաներին:

Հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում այն, որ բացահայտ սալաֆիական քարոզ իրականացնող կայքը իր նյութերում Իլհամ Ալիևի անվան հիշատակումից հետո ավելացնում է «թող Աստված նրա ձեռքով կարգավորի մահմեդականների գործերը»:

Նման «հուզիչ» պաթոսից հետո երկրի շիա բնակչությանը իհարկե «թույլատրելի է» կոչել նաև հերձվածող, չէ՞ որ կարևորը միայն բռնապետն է:

 

Վարդան Ոսկանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին