▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծածկադմփոցամիտ. «Ժողովուրդ»

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դատապարտել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին`  Բերձորում կատարված խայտառակությունը պատկերող տեսանյութը տարածելու համար: «Ինչե՜ր կանեի, որ դա չհայտնվեր համացանցում, չեք պատկերացնում, եւ ոչ միայն ես, շատ շատերը...»,- ասել է Աղաբեկյանը։

Նախ այն, որ ԼՂ իշխանություններն առանց այդ էլ շատ բան արեցին, որ նման տեսանյութ չհայտնվեր, ակնհայտ դարձավ ավտոերթը լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունից, նրանցից երեք պրոֆեսիոնալ տեսախցիկները խլելուց, ապա նաեւ՝ երթի մասնակիցներից շատերի հեռախոսներն ու տեսանկարահանող սարքերը հափշտակելուց:  Սակայն  իրենց մտածողության մեջ դեռեւս անցած դարի իննսունականներում մնացած ԼՂ (նաեւ` ՀՀ) պաշտոնյաներն այդպես էլ չեն հասկանում մի պարզ իրողություն. աշխարհը փոխվել է, եւ նոր տեխնոլոգիաների պայմաններում յուրաքանչյուր քաղաքացի, որն իր ձեռքին ունի համացանցին միացված հեռախոս, արդեն իսկ հանդիսանում է տեղեկատվության տարածման հնարավոր սուբյեկտ: Ուստի նմանատիպ ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններն ու նրանցից տեսախցիկների առգրավումը ոչ միայն չեն կարող երաշխավորել, որ կատարվածը չի հրապարակվի, այլեւ է՛լ ավելի են ընդգծում բռնարարքների դիմող իշխանությունների հանցավոր էությունը:

Այս հարցում, սակայն, առավել կարեւոր է այն, որ հենց նույն՝ Բերձորի դեպքում Աղաբաբյանն, օրինակ, չի ասում` ինչեր չէի անի, որ նման բախում չլիներ, նրան ավելի շատ, փաստորեն, անհանգստացնում է ոչ թե այդ վայրագության փաստն ինքնին, այլեւ այդ ամենն արձանագրող տեսանյութի տարածումը: Սա մեղմ ասած` անընդունելի մտածելակերպ է, որը կարծրացած է ՀՀ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների ուղեղում: Հիշենք, թե ինչպես տարիներ առաջ, երբ առաջին անգամ հրապարակվեց շարքային զինծառայողին ստորացնող հրամանատարի լկտի պահվածքը ներկայացնող տեսանյութը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, փոխանակ հայտարարելու, որ նման տականքները տեղ չունեն հայոց զինված ուժերում, սպառնաց, թե ամեն ինչ անելու են, որպեսզի գտնեն եւ պատժեն տեսանյութի հեղինակին: Միգուցե, եթե ժամանակին գործեր հակառակ` կատարվածը ոչ թե կոծկելու, այլ իրական մեղավորներին պատժելու քաղաքականությունը, մենք չունենայինք, օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: Ի վերջո, դիակները թաքցնելն անհնար է, իսկ կատարված ակնհայտ սպանությունը կոծկելն էլ` երբեմն չափազանց դժվար, անգամ այդ գործում մեծ փորձ ունեցողների համար:

Ժամանակն է, որ մեր իշխանությունները հասկանան` ճշմարտությունը թաքցնելու եւ խեղաթյուրելու իրենց ջանքերը ոչ միայն հանցավոր են, այլեւ արդեն պարզապես անօգուտ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին