«Չարլի շոու» մանկական հաղորդումից հանրությանը հայտնի և «Դժվար ապրուստ» սերիալում Նոյի կերպարը մարմնավորած դերասան, հաղորդավար Դավիթ Սեխպեյանի հետ ASEKOSE.am–ի թղթակիցը զրուցել է դերասանի` սերիալում նկարահանվելու փորձի, իր աղանդավոր չլինելու և ժամանակավոր դադարի մասին:
- Ինչպե՞ս որոշվեց Ձեր դերասանական ճակատագիրը:
-Մանկուց երազել եմ դառնալ դերասան: Դիտելով մանկական ներկայացումներ, հեքիաթային մուլտֆիլմեր` ես հասկացա, որ մարդը կարող է լինել և՛ գայլ, և՛ բարի փերի, և՛ թագավոր: Բեմում կարող ես տարբեր կերպարներով հանդես գալ, և ես հանդես եմ եկել մանկական կերպարներով՝ երեխաներից չթաքցնելով իմ մարդ լինելը: Երևի դա էլ պատճառ է հանդիսացել իմ մասնագիտության ընտրության հարցում:
-Ո՞վ է Ձեզ համար դերասանը:
-Դերասանը նա է, ով շարժման և խոսքի միջոցով կյանքը վերածում է պոեզիայի, և պոետիկ կերպով այն փոխանցում հանդիսատեսին:
-Դերասանի համար որքանո՞վ եք կարևորում մասնագիտական կրթությունը:
-Որքանով բժշկի համար է կարևոր բժշկական կրթությունը, նույնքան էլ դերասանի համար` դերասանական կրթությունը: Բժշկը գործ ունի մարմնի հետ, իսկ դերասանը՝ հոգու:
-Ինչպե՞ս հայտվեցիք հեռուստատեսությունում:
-Հերթական աշխատանքային փուլն էր՝ թատրոն, ռադիո, հեռուստատեսություն:Մինչ ինստիտուտ ընդունվելը, կատարել եմ տարբեր ոչ մասնագիտական աշխատանքներ, որից հետո որոշեցի քայլ անել հեռուստատեսություն, իսկ հիմա որոշ ժամանակով հեռացել եմ հեռուստատեսությունից՝ հանգստանալու: Կարծում եմ` երկու տարի անընդմեջ էկրանին լինելուց հետո պետք է հանգստանալ, դատարկվում ես այդ ընթացքում: Կլիցքավորվեմ ու նոր ուժով կրկին հանդես կգամ:
- Ձեզ համար ո՞րն է ավելի հոգեհարազատ ` կինո՞ն, թե՞ թատրոնը:
-Ինձ համար թատրոնն ավելի հոգեհարազատ է, քանզի դերասանին և հանդիսատեսին էկրանը չի բաժանում:
-Ինչպիսի՞ տեսարաններն են Ձեզ համար խորթ:
-Եթե ամեն ինչ արդարացված է, ապա ոչ մի տեսարան էլ խորթ չէ:
- Ի՞նչ տվեց Ձեզ սերիալում նկարահանվելը և ինչի՞ց զրկեց:
-Ինձ ճանաչող մարդկանց թիվը կրկնապատկվեց: Դա տվեց սերիալը և ոչ մի բանից չզրկեց: Ու առհասարակ, կյանքում ինչ լինում է՝ միայն ավելացնում է, նույնիսկ եթե ինչ-որ բանից զրկի:
-Երբևէ քննադատել ե՞ք սերիալները:
-Ես երբեք չեմ սիրում քննադատել, բայց կողմ եմ այն բանին, որ յուրաքանչյուրն զբաղվի իր գործով:
-Սերիալում նկարահանվելու առաջին տպավորություններդ ինչպիսի՞ն էին:
-Լարված էի շատ, քանի որ պատասխանատվության զգացողությունը մեծ էր: Բանն այն է, որ թեորեապես գիտես, բայց գործնականում ծանոթ չես: Բեմում զգացողություններն ու պատասխանատվությունը շատ մեծ են, այնտեղ չկան դադարներ, չկա երկրորդ դուբլի հնարավորություն, ինչպես սերիալներում են, ամեն ինչ տվյալ վայրկյանին է տեղի ունենում: Հեռուստաէկրանից քեզ կարող են դիտել միլիոնավոր հեռուստադիտողներ, իսկ թատրոնում՝ հազար հոգի: Սերիալում նկարահանվելը պարտավորեցնում է այնքանով, որ քեզ դիտում են նաև այլազգիներ, իսկ դու ներկայացնում ես քո ազգի ինքնությունը:
-Որքանո՞վ է այժմ զբաղված և ի՞նչ նոր ծրագրեր ունի Դավիթ Սեխպեյանը:
-Առհասարակ չեմ սիրում խոսել այն բանի մասին, ինչը դեռ չկա: Երբ կլինի, կխոսեմ դրանց մասին:
-Երբևէ պատկերացրե՞լ եք Ձեզ քաղաքական ոլորտում:
-Կրկնեմ ասածս` թող ամեն մեկն զբաղվի գործով: Եվ յուրաքանչյուրս էլ պետք է մեր ներդրումն ունենանք պետության կայացման ու զարգացման գործում:
-Հատկանիշ, որն ամենաշատն եք գնահատում մարդու մեջ:
-Երբ մարդն անկեղծ է և չի դավաճանում ինքն իրեն, պատասխանատու է և միշտ պատասխան է տալիս իր քայլերի և խոսքերի համար:
-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:
-Ուղղակի զարմանում եմ և մի փոքր էլ նախանձում այն մարդկանց, ովքեր ժամանակ ունեն ասեկոսեներ տարածելու: Երևի ամենազվարճալին եղել է այն, որ ես իբր ինչ-որ մի տարօրինակ հավատքի ու աղանդի հետևորդ եմ:
-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
-Ես կուզեմ, որ միշտ ուժեղ լինեն, շատ վստահ և օգտվեն բոլոր հաճույքներից, որ տալիս է կյանքը: Կյանքը միշտ տալիս է, իսկ տվածը պետք է վերցնել, ոչ թե նայել ու անցնել:
Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի