▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա մեռանք տարբեր մակարդակներով ասելով, գրելով, հասկացնելով...

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևանում հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանին չեն ստիպում ընտրություն կատարել, որը դեմ է իր շահերին: Պետք է գտնել Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների սերտացման այնպիսի ձևաչափ, որը չհակասի Մաքսային միությանը:

«…Կարծում եմ, որ տարբերակված մոտեցում պետք է լինի…Հայաստանը աշխարհաքաղաքական յուրահատուկ պայմաններում է գտնվում…»,-ասել է Օլանդը:
Այո՛, ճիշտ է ուկրաինական դեպքեր, արյունահեղություն էր պետք, որ հասկանար Եվրոպան…Բա մեռանք տարբեր մակարդակներով ասելով, գրելով, հասկացնելով, որ աշխարհը միաբևեռ չի կարող լինել, որ չի կարելի հաշվի չառնել անդամակցող երկրների աշխարհաքաղաքական, անվտանգության խնդիրները, նրանց տնտեսական շահերը, զանազան այլ խնդիրներ: Որ Ասոցացման համաձայնագրի ջատագովները յուրաքանչյուր երկրի նկատմամաբ պետք է անհատական մոտեցում ցուցաբերեն: 

Եթե այդ սկզբունքով առաջնորդվեին և չշտապեին, «կույր» ատելությամբ չմոտենային Ռուսաստանի Դաշնության, նրա հետ տնտեսական շահավետ կապերի պահպանման խնդիրներին, ապա Ուկրաինան չէր քայքայվի, այսքան մարդկային, նյութական, բարոյական կորուստներ չէին լինի, այսքան իրական չէր դառնա նոր համաշխարհային և սառը պատերազմի վտանգը: Ինչևէ, Եվրամիության որոշ երկրների ղեկավարների (Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա), որոնք ունեին իրենց հեռահար նպատակները, շահերը և Եվրամիության որոշ անհեռատես պաշտոնյաների ռոբոտային, ոչ ճկուն մտածողության արդյունքում վտանգվեց Արևելյան գործընկերության և Ասոցացման համաձայնագրի ողջ գործընթացը: Ոչ հեռատես, չկշռադատված և ոչ դիվանագիտական մոտեցմամբ ստացան այն, ինչ որ կա հիմա:

Գրեթե ձախողված քաղաքականություն, Ռուսաստանի հետ շահավետ տնտեսական պայմանագրերի խզում, քայքայված, քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Ուկրաինա, արդեն մասնատված, «կիսավախվորած» Վրաստան և Մոլդովա, առայժմ լիարժեք չհասկացված Հայաստան…

«Կամ-կամի» հիմար սկզբունքը` Եվրամիությանը և Ռուսաստանին հակադրելը, բացառապես խնդիրը քաղաքական հարթություն տեղափոխելը չի բխում խաղաղության, հանդուրժողականության, մարդասիրության, առաջադիմության, տնտեսական փոխշահավետ կապերի ստեղծման անհրաժեշտությունից, և այն գրեթե հասցրեց նոր համաշխարհային պատերազմի վտանգի ու աշխարհաքաղաքական նոր բեևեռացման, նոր անցանկալի իրողությունների:
Ժամանակն է ավելի իրատեսորեն և կշռադատված քննարկել համաձայնագրի հետ կապված հարցերը:

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին