ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը նամակով դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին․ այն ներկայացնում ենք ստորև․
ՀՀ-ում Ֆրանսիայի մեծարգո դեսպան,
Պարոն Օլիվիե Դըկոտինի,
Ես, «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանս, խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր անկեղծ և սկզբունքային հայտարարության համար։
Ձեր խոսքը ոչ միայն արտացոլում է պատմական արդարության հանդեպ Ֆրանսիայի հետևողական դիրքորոշումը, այլև ուղիղ պատասխան է այն ուժերին, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը և նպաստել թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը՝ ի հաշիվ հայ ժողովրդի ինքնության և արժանապատվության։
Շվեյցարիայի Դավոս քաղաքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել», վկայում է այն մասին, որ տվյալ գործիչը շարունակում է առաջ մղել այնպիսի թուրքական նարատիվներ, որոնք տասնամյակներ շարունակ եղել են Թուրքիայի պետական քաղաքականության հիմնասյունը Հայոց ցեղասպանության հարցում։
Այդպիսի մոտեցումներն անընդունելի են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, որը բարձրացնում է իր ձայնը հանուն ճշմարտության, արդարության և պատմական հիշողության պահպանման։
Հայ ժողովուրդը բարձր է գնահատում եղբայրական Ֆրանսիայի հետևողական աջակցությունն այս կարևոր հարցում։
Ձեր հստակ դիրքորոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ֆրանսիան կանգնած է արդարության և մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված պետությունների շարքում։
Մենք համոզված ենք, որ ապագայում, ազատվելով նման թուրքական գործակալների ներկայությունից, հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և ռազմավարական գործընկերության վրա։
Օգտվելով առիթից՝ հորդորում եմ Ձեզ չվերաբերել Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի Հանրապետության պետական շահերը սպասարկող գործչի, քանի որ նրա ողջ քաղաքական գործունեությունը ոչ միայն բերել է աղետ Հայաստանի Հանրապետությանը՝ պատճառելով հազարավոր զոհեր և հսկայական տարածքային կորուստներ, այլև այս հակահայ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս՝ վտանգելով մեր պետականությունը։
Հայ ժողովրդի ազգային և պետական շահերը ոտնահարող գործիչների նկատմամբ Ձեր առավելագույնս կոշտ դիրքորոշումն արժանանում է հայ ժողովրդի խորին գնահատանքին։
Ձեր սկզբունքայնությունը, ինչպես միշտ, մեծապես նպաստում է պատմական ճշմարտության պաշտպանությանը և մեր երկու ժողովուրդների անսասան բարեկամության ամրապնդմանը։
Հարգանքներով՝
«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության Պատվավոր նախագահ՝