Նախօրեին՝ երեկոյան, համացանցում ապատեղեկատվություն տարածվեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, որոնց ուղղությամբ իսկապես թշնամին կրակոցներ էր արձակել, իբր բնակիչներին տարհանել են, ավելին՝ ոմանք էլ իբր որոշել են առավոտից մեքենաները պատրաստ պահել, որ անհրաժեշտության դեպքում կարողանան հեռանալ գյուղից:
ASEKOSE.am-ը երեկ ուշ երեկոյան կապ էր հաստատել գյուղերի բնակիչների հետ, ովքեր վստահեցրել էին, որ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Այնուամենայնիվ մենք զրուցել ենք սահմանամերձ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, ովքեր վրդովված էին նման կեղծ լուրեր տարածելու համար:
Խոսելով նախօրեին գյուղերի ուղղությամբ հնչած կրակոցների մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց, որ հայկական կողմը կրակոցներին պատասխանել է շատ խիստ:
«Չգիտեմ, թե ով է խուճապ տարածում: Բավական է մարդկանց իրար խառնեք: Ամեն ինչ նորմալ է, մենք առաջվա նման ուժեղ ենք: Մեր զինվորներն արժանի պատասխան են տվել: Գյուղն ապրում է իր առօրյայով, դպրոցն ու մանկապարտեզը գործում են: Այստեղ իսկական գարուն է, մարդիկ դրսում նարդի են խաղում, ինչ խուճապի մասին է խոսքը»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
Սահմանամերձ Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց ապատեղեկատվությամբ խուճապ տարածելու կապակցությամբ:
«Ի՞նչ խուճապի մասին է խոսքը: Կեղծ լուրեր են տարածել, չկա նման բան: Մարդիկ պատերազմի տարիներին չեն լքել գյուղը, հիմա՞ պետք է լքեն»,-մեզ հետ զրույցում նշեց Արարատ Ավալյանը:
Նրա խոսքով՝ գազի խողովակն է միայն վնասվել, բայց այս պահին վերականգնվում է:
Համայնքի ղեկավարը նշեց, որ այս պահին դպրոցը գործում է, մանկապարտեզը՝ ոչ, բայց միայն միայն այն պատճառով, որ ջեռուցման խնդիր կա: Վաղվանից մանկապարտեզը կգործի:
«Նույնիսկ 90-ականներին գյուղը չենք լքել, հիմա պիտի լքնեք, ու թուրքի պատճառո՞վ: Երեկոյան կրակում էին, բայց մեր զինվորները լռեցրին»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը, ապա հավելեց.
«Չեմ հասկանում, որն է նման տեղեկություններ տարածելու իմաստը: Կամ թող բարի լինեն գրեն, թե ով է նման բան ասել, թող անունը գրեն, իմանանք ով է այդ վախկոտը: Եթե անգամ ինչ-որ մեկը նման բան է ասել, ապա նա գյուղից չէ, որովհետև գյուղից հստակ երևաց, որ մեր տղաները լռեցրին թշնամուն: Իրականում մեր մեջ նման մարդիկ չկան: Այստեղ խիզախ մարդիկ են ապրում, թող թուրքը փախչի, մե՞նք պետք է փախչենք:»
Այգեպարի բնակիչներից մեկը ևս մեզ հավաստիացրեց, որ խուճապ չի եղել:
«Սովորական կրակոցներ էին, թեև հենց գյուղի վրա էին կրակում: Իսկ տարհանման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող»,-հավաստիացրեց նա:
Մենք կապ հաստատցեինք նաև սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղրի բնակիչների հետ, ովքեր ևս վստահեցրին, որ խուճապի չեն մատնվել:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան