▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին իմ սիրտը զբաղված չէ. Մարիամ Ադամյան

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Մարիամ Ադամյանը, ով առավել հայտնի դարձավ «Բախտաբեր» հեռուստասերիալում Անուշի կերպարով, պատմեց, որ երկու տարի առաջ բուհն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է «32 թատրոն» և մինչ օրս համարվում է «32 թատրոն»-ի դերասանուհի. «Երկու տարի առաջ «32 թատրոն»-ի կողմից «Պարույր Սևակ» ներկայացմանը մասնակցելու առաջարկ ստացա, որին միանգամից համաձայնվեցի, թեպետ ասմունքել առանձնապես չեմ սիրում, բայց այստեղ կար կենդանի խաղ և թատերականացված ասմունք, ինչը շատ հետաքրքիր էր ինձ համար: Այնուհետև այլ նախագծերի վրա աշխատեցինք, և արդյունքում հաստատվեցի այս թատրոնում: Այսօր ինձ համար «32 թատրոն»-ը ոչ թե աշխատավայր է, այլ ընտանիք»,-պատմեց դերասանուհին:

Մարիամ Ադամյանը նկատեց, որ ուսանողական տարիներին խաղացել է նաև «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Անծանոթը» հեռուստասերիալում, բայց հանրության շրջանում իրեն ճանաչում տվեց «Բախտաբեր» հեռուստասերիալը. ««Բախտաբեր» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ ստացա պրոդյուսեր Էդգար Ավագյանի կողմից, ես էլ համաձայնեցի, քանի որ թե կերպարն էր ինձ հոգեհարազատ, թե այն թիմը, որը ներգարվված են այս ֆիլմում: Այսօր հեռուստասերիալում աշխատում եմ շատ հետաքրքիր դերասանների հետ, որոնցից շատ բան եմ սովորում, նաև ստանում լավ էներգիա»,- նշեց դերասանուհին:

Մարիամը հավելեց, որ ուրախ է, քանի որ Անուշի կերպարը կարճ ժամանակում հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից. «Իմ կերպարին սիրեցին, դա են վկայում լավ և դրական արձագանքները, սա ինձ ուժ է տալիս և ավելի է ոգևորում»,- պատմեց նա:

«Պարույր Սևակ» ներկայացմանը հաջորդող «Բախտաբեր» հեռուստասերիալում կրկին մեղմ դերով հանդես գալով հանդերձ՝ Մարիամ Ադամյանը նկատեց, որ չի ցանկանա մշտապես նման դերեր մարմնավորել. «Ուսանողական տարիներին իմ կերտած կերպարները բավականին բազմաժանր են եղել՝ մեղմ դերերից մինչև կամակոր, ազատամիտ աղջիկների կերպարներ: Ես չեմ սահմանափակվի միայն մեղմ դերերով, կցանկանամ առաջիկայում տարբեր դերեր կերտել, դեմ չեմ լինի, եթե բացասական կերպար էլ մարմնավորեմ»,- նշեց նա:

Մարիամ Ադամյանը նշեց նաև, որ այս պահին ունի գեղարվեստական մի քանի ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, որոնք դեռևս քննարկման փուլում են գտնվում: Դերասանուհին նկատեց նաև հունիսի 27-ին երկու ամիս դադարից հետո կրկին բեմ է բարձրանալու «Պարույր Սևակ» ներկայացումը:

Խոսելով «32 թատրոն»-ի գրեթե ողջ թիմակիցների  թատրոնային աշխարհ մուտք գործելու դժվարություններից և առավելություններից՝ Մարիամը նշեց. «Շատ հետաքրքիր է, որ բոլորս նոր ենք մուտք գործում թատրոն և չկա մեկն, ով առավել է, կամ պակաս, բոլորս միասին գնում ենք մեկ ուղիով և հանդիսատեսի ամեն ծափից զգում ենք, թե ինչ հաճելի է փոքրիկ քայլերի արվեստը: Հենց այդ դժվարություններն ու առավելություններն էլ մեզ ընկերներ են դարձրել. «32 թատրոն» թատրոնը իմ ընտանիքն է, տունը, որտեղ աշխատում եմ մեծագույն սիրով»:

Ճանաչված լինելու զգացողությունները դերասանուհու համար շատ հաճելի են. «Ճանաչված լինելը շատ հաճելի է: Երբ դրսում քեզ մոտենում է մի անծանոթ կին և ասում է՝ «գիտեք, ես Ձեզ այնքան շատ եմ սիրում», դա արդեն ինձ դրական մեծ էներգիա է փոխանցում: Ճիշտ է` ճանաչված լինելը հաճելի է, բայց իմ ապրելակերպում ոչինչ չի փոխվել, ես շարունակում եմ հաճախ զբոսնել Երևանի փողոցներով, ես մարդկանցից չեմ փախչում, անգամ, երբ անծանոթ մարդիկ փողոցում մոտենում են ինձ, իրենց հետ հաճելի զրույցի եմ բռնվում: Կարծում եմ՝ դերասանի համար առաջնային կարևորություն է, որ նա սիրվի հանդիսատեսի կողմից, ես չեմ ասի, որ միանշանակ ես սիրված եմ, բայց, համենայն դեպս, այդ ուղու վրա եմ, փորձում եմ հանդիսատեսիս հետ անկեղծ լինել և ամեն բան անել նրանց համար»,- նշեց նա:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին