▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավագ լեյտենանտին կրակել է ծառայակից ընկերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 10-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին կրակել է իր ծառայակից ընկերը:

 

Բայց մինչ մանրամասները, ներկայացնենք պաշտոնական վարկածը. ըստ  ԼՂՀ ՊԲ-ի  հաղորդագրության՝  դեպքը տեղի է ունեցել ժամը 19:55-ի սահմաններում:  «ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Տիգրան Սիմոնյանը»: Իսկ, ահա, մի փոքր ուշ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` (ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել, պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով):

 

Ինչ են պատմում հարազատները

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վանաձոր քաղաքի թիվ 5 պոլիկլինիկայի վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Համեստ Խաչատրյանը, որը մահացած Տիգրան Սիմոնյանի մայրիկի հետ աշխատում է նույն պոլիկլինիկայում, պատմեց, որ հեռուստատեսությամբ լսել է՝ Տիգրանը մահացել է դիպուկահարի կրակոցից. «Տիգրանի մայրիկը՝ Արմանուշը, մեր պոլիկլինիկայի գինեկոլոգիայի բաժնի բուժքույրն է: Առավոտյան միշտ Արմանուշի հետ եմ աշախատանքի գնում, բայց այս առավոտ նա չկար ավտոբուսի մեջ: Եկա գործի ու տեսա, որ Արմանուշը դեռ չի եկել, եւ զանգահարեցի բջջայինին: Հեռախոսը պատասխանեց մեկ ուրիշը եւ ասաց, որ իր որդու հետ դեպք է պատահել: Մի տեսակ չէի հավատում, այնքան մեծ ցավ ապրեցի, Տիգրանը մեր աչքի առաջ է մեծացել»:

Ըստ մեր զրուցակցի՝ Տիգրանը Արմանուշի ավագ որդին էր. «Ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, եւ արդեն երեք տարի է, ինչ աշխատում էր «Եղնիկներ»-ի զորամասում: Խելոք, կազմակերպված ծառայող տղա  էր, միշտ մորն ասում էր, թե գոհ է իր ծառայությունից: Նոր տարվան արձակուրդ էր եկել ու մորն անգամ ասել էր, որ փետրվարի 20-ին էլի է արձակուրդ գալու: Մայրն ու հայրը թոշակառու մարդիկ են, մայրը զոբի վիրահատության է ենթարկվել, իսկ հայրը սրտի կաթված է ստացել, եւ երկուսով էլ թոշակ էին ստանում: Տիգրանի փոքր եղբայրն էլ ծառայում է Արարատում:

Համեստ Խաչատրյանի խոսքով՝ Տիգրանը միշտ զինվորներ է դիրքեր տարել ու որեւէ խնդիր չի ունեցել. «Երեք տարի շարունակ լինես այդ գործին ու հանկարծ ինչ-որ կանոնները խախտես, ու նման բան լինի՞: Ախր, մի քիչ անհավանական է, գոնե կարողանանք ճիշտը իմանալ, թե ինչից է եղել»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած Տիգրանի քեռու դուստրը՝ Էլյոնա Ասրյանը, պատմեց, որ իրենց որեւէ բան չեն ասել, թե ինչից է մահացել Տիգրանը. «Երբ խոսում էր, միշտ գոհ-գոհ պատմում էր իր ծառայությունից: Մինչեւ հիմա մի նորմալ բան չգիտենք, թե ինչ է եղել: Դեպքի երեկոյան զանգահարել էր ինձ, շատ լավ տրամադրությամբ, հարցնում էր բոլորից: Ասում էր, թե փետրվարի 20-ից հետո 10 օրով արձակուրդ կգա: Երբեք իր խնդիրների մասին չի ասել, միշտ լավն էր պատմում, ոնց որ դրախտում լիներ: Մեր Տիկոն կգա, մենք իրան սպասում ենք»:   

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հայկազ Բարսեղյանի դեպքի առթիվ էլ նախ ՊՆ հայտարարեց, թե ինքնասպան է եղել կուրսանտը, իսկ ավելի ուշ՝ երեկոյան, հայտնի դարձավ, որ կատարվածը դաժան սպանություն էր: Ուստի հաշվի առնելով այս դեպքերը՝ չի բացառվում, որ մահացած ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի դեպքում եւս նոր բացահայտումներ լինեն, քանի որ «Ժողովուրդ»-ին հասած  տեղեկություններով՝ Տիգրանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել նրա ծառայակից ընկերը: Իսկ կանխամտածվա՞ծ է նա կրակել Տիգրանի վրա, թե՞  պատահականություն է եղել, կպարզի ՀՀ քննչական կոմիտեն:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին