▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատող ու աշխատացնող նախարարը. «Ժողովուրդ»

Երեկ ՀՀ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կանանց տոնի առթիվ ՀՀ մարզերի համայնքների կին ղեկավարներին, ավագանու կին անդամներին, համայնքային կին ծառայողներին, հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներին պարգեւատրեց:

 

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքի ղեկավար Համեստ Շահբազյանի հետ, ով 1997 թվականից մինչ օրս որոշ ընդհատումներով համայնքի ղեկավար է աշխատում՝ այդ ընթացքում հասցնելով 8 երեխա ունենալ:

Նշենք, որ Մեղվահովիտը այս պահի դրությամբ ունի 270 բնակիչ: Գյուղապետի խոսքով՝ վերջին տարիներին գյուղն ուղիղ կեսով դատարկվել  է: Գյուղում չկա նաեւ դպրոց ու մանկապարտեզ, Մեղվահովիտի աշակերտները գնում են հարեւան՝ Բլագոդարնոյե գյուղի դպրոց: 

-Տիկի՛ն Շահբազյան, ո՞ւմ միջոցներով են աշակերտները գնում հարեւան գյուղի դպրոց:

-Դրա համար ավտոբուս ունենք, որի ծախսերը գյուղի բյուջեի հաշվին են: Մեղվահովիտի բյուջեն կազմում է 9 մլն 700 հազար դրամ: Եւ այս խղճուկ բյուջեից ես ավտոբուսի համար դեռ ծախսեր եմ անում, որը մեծ հարված է մեր բյուջեին:

-Դուք երկար տարիներ է, ինչ գյուղապետ եք, այս ընթացքում նման միջոցառումներ կազմակերպվե՞լ են:

 -Այո՛, բայց դա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում էր: Իսկ նոր նախարար Արմեն Երիցյանը շատ զգոն մարդ է: Երբ նա նշանակվեց, ես շատ ուրախացա, որովհետեւ նա ե՛ւ աշխատող է, ե՛ւ աշխատեցնող նախարար:

-Որպես կին՝ դժվա՞ր է Ձեզ համար համայնք ղեկավարել:

-Գյուղը վերաբնակեցված է: Դժվարը սկիզբն էր, կարելի է ասել, որ այդ գյուղն իմ աչքի առաջ է կայացել, իսկ հիմա ես այդ գյուղի հետ ձուլվել եմ: Միայն սոցիալական հարցերն են, որոնք ճնշում են բնակիչներին: Իսկ նախարարը խոստացել է դրանք լսել: Ես դեռեւս նախկին նախարար Արմեն Գեւորգյանին հրավիրել էի գյուղ, եւ նա եկավ ու խոստացավ, որ կօգնի գյուղին, բայց եղավ այն, ինչ եղավ. ոչ մի բան չեղավ գյուղի համար: Հիմա տեսնենք, թե նոր նախարարն ինչ կանի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ


Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին