▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առվի այն ափին...«Իմ մանկության պատերազմ»-ը շարքից

Ամեն անգամ, երբ խոսում են պատերազմից, զենքից, բանակից, հակամարտությունից, «սմերչներից», ու էլի հազարումի «սմերչանման» երևույթներից, հասկանում եմ, որ պատերազմի գաղափարն ակտիվանալուց անգամ մարդը, մարդու իրավունքներն ու մարդկային կյանքը հետին պլան են մղվում, որ պատերազմում երբեք մարդը չի հաղթում... պատերազմում կարող է հաղթել պետությունը, կուսակցությունը, կրոնական միավորումը, քաղաքացիական խմբավորումը, բայց ոչ Մարդը...  Պատերազմն արդեն Մարդու պարտությունն է .... 

1986-1987թթ

Հինգ, թե վեց տարեկան էի, տատիկիս հետ գյուղ էինք գնացել: Խաչիկ գյուղը սահմանամերձ է Նախիջևանին: Դաշտով քայլում էինք, ես ծաղիկներ էի հավաքում,…հանդիպեցինք մի հովվի, ոչխարներ էր արածեցնում: Ադրբեջանական ու հայկական հողը իրարից բաժանում էր ընդամենը մի առու: Ծեր հովիվը ադրբեջանական հողում էր, մենք` հայկական, իսկ  իրականում այն ժամանակ այդ տարածքում բնակվող մարդկանց համար չկար այդպիսի  սահման…

Հնչեց ադրբեջաներեն ողջույնը, ծնունդով Նախիջևանցի տատս պատասխանեց, չեմ հիշում ծանոթներ էին, թե պարզապես զրույցի բռնվեցին, միայն մի պահ նկատեցի, որ այդ պապիկն ինչ-որ բան ասաց ու ինձ նայեց: Ես էլ նայեցի տատիկիս, նա թարգմանեց. «Նանե ջան, այս պապիկն ասում է. սիրուն աղջիկ, ձեռքիդ ծաղիկների պես սիրուն ես», հետո իրենք շարունակեցին իրենց զրույցը…..իսկ  մի քանի տարի անց սկսվեց պատերազմը…..Պապիկիս եղբայրը զոհվեց դաշտում աշխատելիս… գուցե հենց նույն դաշտում, որտեղ մենք հանդիպել էինք այն ծեր հովվին…. զոհվել էր մի երիտասարդ կին` հինգ երեխաների մայր, էլի մի քանի հոգի խաղաղ բնակիչ…. Սկսվել էր պատերազմը. իրեն ուղեկցող բոլոր զզվելի ու տխուր երևույթներով…

Պատերազմի աղմուկի մեջ, ինչ-որ տեղ հեռվում կրակոցներից ու ատելությունից այն կողմ, իմ սրտում ես լսում էի մի ծերացած ձայն…սիրուն աղջիկ, ձեռքիդ ծաղիկների պես սիրուն ես….

Ասում էին, որ առվից այն կողմ ապրող մարդիկ թշնամիներ են, որ նրանք սպանում են… 

1990-1992

Ես մանկական երգչախմբում եմ երգում:Մեր խմբավարը Կիրովաբաթից  եկած մի կին է: Տիկին Ասյան ընտանիք չունի, երեխաներ չունի, այդպես էլ չհարցրեցինք, թե ինչ էր եղել նրա ընտանիքին, ամսունացած էր եղել, թե ոչ… մենք նրան շատ էինք սիրում….հիմա եմ մտածում ինչ կարևոր գործ էր անում... թեժ մարտերի ժամանակ մեզ երգեր էր սովորեցնում, «Ավե Մարիա», քառաձայն օրորոցային, շարականներ, մանկական ուրախ երգեր, բայց ամենակարևորը….սերն էր, որ փոխանցում էր մեզ իր սիրելի Գյանջան կարոտող, Գոյգոլից պատմող ու իր վշտերը թաքցնող կինը, ումից պատերազմը շատ բան էր խլել… 

Մի օր երեխաներից մի քանիսը վիճեցին, մեկը մյուսին ասաց դու ադրբեջանցի ես, որպես անարգանք…տիկին Ասյան լսեց, բարկացավ, ասաց.  «ինչ տարբերություն կա երեխաների մեջ, բոլոր երեխաները հավասար են, բոլոր մարդիկ հավասար են անկախ ազգությունից, ձեզ ո՞վ է, թույլ տալիս նման բաներ խոսել »…. ու ես նրա աչքերում տեսա սերը երեխաների նկատմամբ, ադրբեջանցի երեխաների նկատմամբ…ես երբեք չէի մտածել, որ ադրբեջանցիները սովորական մարդիկ են, այնտեղի երեխաներն էլ մեր նման երեխաներ….. 

2005թ.-ի սեպտեմբերն էր: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը ծրագիր էր անում: Ասացին, որ մի ադրբեջանցի լրագրող է գալու, կծանոթանաս: Ինձ համար շատ հետաքրքիր էր ծանոթանալ մի մարդու հետ, ով եկել էր այնտեղից, «առվի մյուս ափից»….. 

Սեյմուր,  այսպես էր նրա անունը:  

Նա հայի շատ նման էր, ճիշտ եղբորս կրկնօրինակը: Նա բավականին շփվող էր: Չէր խոսում պատերազմի մասին, չնայած պատերազմի մասին գիրք էր գրել , /ցավոք պետք է սպասեմ ռուսերեն տարբերակի հրատարակմանը, որ կարդամ/:Նրան ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանը, հայերը, ցանկանում էր հանդիպել ստեղծագործող մարդկանց հետ , զրուցել նրանց հետ :Իսկ ինձ հետաքրքիր էր Ադրբեջանի, այնտեղ ապրող մարդկանց, երիտասարդների, երեխաների մասին  իմանալը:

...գրեթե ամեն ինչից խոսեցինք.այն մասին թե ինչ նմանություններ ու տարբերություններ ունեն մեր ազգերը, դժվարությունների և ուրախությունների , ընդհանուր բառերի ու սովորությունների մասին , պատմում էինք միմյանց իրական անեկդոտներ, և մեր երիտասարդության հերոսների արկածների մասին, որոնք չեն ճանաչում ազգություն ու սահմաններ: Եվ մեր միջև չկար առու, չկար մենք և դուք, մենք պարզապես մարդիկ էինք, ովքեր ատում էին պատերազմը: Նա դարձավ իմ առաջին ընկերը, որ եկել էր առվի այն ափից...

Նանե Բագրատունի 

Նյութի ռուսերեն տարբերակը հրապարակվել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի կայքում:

Հաջորդիվ կհրապարակվի ադրբեջանուհի պոետեսուհի Գյունել Մովլուդի հարցազրույցը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին