Օրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Վիվա Վերդի 200 գալահամերգը՝ նվիրված Ջուզեպպե Վերդիի 200-ամյակին:
Գալահամերգի ընթացքում ներկայացվեցին կոմպոզիտորի ստեղծագործություններից հատվածներ ՝ տարբեր մեկնաբանությամբ: Երեկոյի հատուկ հյուրը ճանաչված ու սիրված սոպրանո Հրաչուհի Բասենցն էր:
«Մեզ համար շատ մեծ տոն է այս տարի, որովհետև նշում ենք Վերդիի 200-ամյակը: Այդ կապակցությամբ կազմակերպեցինք գալահամերգ, որին մասնակցեցին մեր թատրոնի մենակատարները, նվագախումբը: Միևնույն ժամանակ մենք հրավիրել էինք Հրաչուհի Բասենցին, ով ժամանեց Գերմանիայից, որպեսզի մասնակից լինի այս համերգին, և կարողանանք հնարավորինս գեղեցիկ տոնել Վերդիի ծննդյան 200-ամյակը»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համերգի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Հրաչուհի Բասենցը, ով բազմիցս հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու գնահատանքին է արժանացել աշխարհի տարբեր բեմերում, ներկայացրել է համերգի երկրորդ բաժինը:
Երգչուհին այժմ Գերմանիայի Բավարիա երկրամասի Նյուրնբերգ քաղաքի Պետական Օպերայի թատրոնի առաջատար սոպրանոներից է:
Տարիներ անց Հրաչուհի Բասենցը կրկին հայրենքիում էր: Երկար բացակայությունից հետո հայկական բեմից՝ հայ հանդիսատեսի համար ելույթի մասին իր տպավորություններով երգչուհին կիսվեց ASEKOSE.am-ի թղթակցի հետ.
«Զգացողություններս տարբեր էին: Չնայած նրան, որ ես երբեք ելույթի ժամանակ հուզմունք չեմ ունենում, այս անգամ շատ հուզված էի: Մի կողմից այն, որ լուրջ, մեծ ծրագիր էի ներկայացնելու՝ արիաներ, զուգերգեր ՀՀ վաստակավոր արտիստ բարիտոն Արնոլդ Քոչարյանի և հրաշալի երիտասարդ տենոր Հովհաննես Այվազյանի հետ և պատիվ ունեի ներկայացնելու համերգի երկրորդ բաժինը, մյուս կողմից՝ երկարատև բացակայությունից հետո առաջացել էր օտարության բարդույթ, որը, իհարկե, առաջին համարից հետո հօդս ցնդեց: Հանդիսատեսն իմ հարազատներն էին, դասախոսները, ընկերներս և բոլոր այն երաժիշտները, ում հետ տարիներ առաջ տարբեր համերգներով հանդես ենք եկել, մի խոսքով «մերոնք» էին և, բոլորին կարոտել էի»:
Հրաչուհի Բասենցի ձայնը հնչել է աշխարհի տարբեր բեմերից: Երգչուհին ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Կիպրոսում, Լեհաստանում, Թուրքիայում, Հյուսիսային Կորեայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում:
Այնուամենայնիվ, ի՞նչ է տալիս հայ հանդիսատեսը, այն անկրկնելին, յուրահատուկը, որ անհնար է ստանալ աշխարհի որևէ այլ անկյունում. ի պատասխան մեր հարցին՝ երգչուհին պատասխանեց.
«Չեմ ուզում ասել,թե դրսի հաջողություններով չեմ ուրախանում կամ անտարբեր եմ, կամ դրանք ինձ համար կարևոր չեն: Շատ կարևոր են,բայցևայնպես, միշտ կա դատարկության զգացում: Երբ դու քո երկրում ընդունված չես լինում, կարծես մորը կորցրած, որդեգրված երեխա լինես: Համենայն դեպս, ինձ մոտ մշտապես այդ զգացումն է, որ սրտխփոցներ է առաջացնում հայ հանդիսատեսին՝ որպես ունկնդիր ունենալիս դրսում, առավել ևս հայրենիքում: Եվ վերջապես ցանկանում ես կիսվել բոլոր հաջողություններովդ,փորձառություններով, ինչու չէ, նաև գործի փոխանակման նկատառումներով»:
2006 թվականից Հրաչուհի Բասնեցը հրավիրվել է աշխատելու Գերմանիայի Գելզենկիրխենի թատրոնում և 6 ամիս անց արժանացել թատրոնի ամենամյա բարձրագույն մրցանակին: 2011-ին Բավարիայի Գիտության, Գիտական Հետազոտությունների և Արվեստի պետական նախարար դոկտոր Վոլֆգանգ Հոյբիշի կողմից պարգևատրվել է Բավարիայի արվեստը խրախուսող բարձրագույն մրցանակով: Իսկ այս տարի՝ «Վերդիի Ձայներ» միջազգային մրցույթում երգչուհին արժանացել է 2-րդ մրցանակին:
Մրցանակները շատ են, բոլորն էլ թանկ. ո՞րն է, այնուամենայնիվ, ամենամեծ գնահատականը.
«Այս հարցին չեմ կարող մեկ պատասխանով բավարարվել: Կարծում եմ` ինձ հետ կհամաձայնեն շատերը, որ ամենադժվարը հայրենիքում գնահատվելն է...ամենադժվար հանդիսատեսը՝ հայրենակիցներն են: Համերգները վերածվում են հաշվետվության նման մի բանի... Ամենամեծ գնահատականը նաև հանդիսատեսի հիացական, երջանիկ, երբեմն նաև թաց աչքերն են, երկրպագուներս, նրանց ջերմ վերաբերմունքը, նամակները: Ի վերջո զուտ մասնագիտական առումով, կարծում եմ, ամենամեծ գնահատականն այն է, երբ գալիս է ժամանակ, որ արդեն մասնագիտությունն է աշխատում քեզ համար, երբ արդեն սկսում ես ինքդ ընտրել երգացանկդ ու վայելել»:
Երգչուհին մեկ անգամ ևս շեշտեց, որ հպարտությամբ է ներկայացնում Հայաստանը.
«Ես իմ հարցազրույցներում բազմիցս խոսել եմ այս մասին, թե ինչքան հպարտ եմ լինել հայուհի բառիս բուն իմաստով՝ լինել հայ կին, հայ մայր, հայ երգչուհի ՝որն է սիրող, պաշտպանող, դաստիարակող,արժեքների փոխանցող, աղոթող, հուսացող և պայքարող: Այդ ամենի գիտակցումը ինձ միայն ուղղորդում է, սթափ է պահում բոլորիս հայտնի որոշ ոլորտներում արժեզրկված Եվրոպայում»:
Մեզ հետ զրույցում Հրաչուհի Բասենցն առանձնացրեց ամենակարևոր նվաճումը.
«Ինձ համար որպես արտիստ, երգչուհի, շատ կարևոր է մարդկանց սրտերը թակել և այն ինչ կոմպոզիտորը, գրողը ցանկացել են մարդկանց հասցնել, կարողանամ փոխանցել: Արտիստները առաքյալների պես պետք է լինեն՝ ստանան և փոխանցեն: Չե որ բարձրակարգ երաժշտությունը կրթում, դաստիարակում և բժշկում է: Այնտեղ, որտեղ այլևս անզոր է դառնում խոսքը, մեծ հաջողություն է ունենում երաժշտությունը: Ըստ իս սա է ամենակարևոր նվաճումը»:
Ամենակարևոր «նվաճումը» նաև արձագանքներն են, գնահատանքի ջերմ խոսքերը.
«Հրաչուհին, ապրելով և ստեղծագործելով Գերմանիայում, մնում է հայ արտիստ և հայակական վոկալ դպրոցի ներկայացուցիչ, ինչը շատ կարևոր է մեզ համար: Հրաչուհու կատարումը փայլուն էր: Ես չեմ ուզում ընդգծել, որ Հրաչուհին շատ տաղանդավոր է, որովհետև դա արդեն փաստ է: Գեղեցիկ տեմբր ունի, երգելու մտածելակերպ, որը շատ կարևոր է: Շատ հմայիչ է և բեմական: Անկախ իմ ցանկությունից միևնույն է նա իր կարիերան անում է և բավական հաջող: Վստահ եմ, որ նա հաղթահարելու է շատ լուրջ բեմահարթակներ: Մի փոքր ժամանակ է միայն հարկավոր: Օպերային թատրոնի համար նա հյուր չէ, թատրոնը նրա տունն է, և ցանկացած ժամանակ նա կարող է այստեղ ելույթ ունենալ: Նա մեր գործընկերն է և մենք շատ ուրախ ենք»,- մեզ հետ զրույցում ասաց մաեստրո Կարեն Դուրգարյանը:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հրաչուհի Բասենցի դասախոս Գայանե Գեղամյանը ևս սիրով զրուցեց մեզ հետ.
«Համերգը հիանալի էր՝ հատկապես երկրորդ բաժինը: Ես շնորհակալ եմ Կարեն Դուրգարյանին, որ հնարավորություն ընձեռեց Հրաչուհուն ելույթ ունենալ: Դա Հրաչուհու վաղեմի երազանքն էր՝ հանդես գալ օպերային թատրոնի բեմում, քանի որ կոնսերվատորիան ավարտելուց հետո միանգամից մեկնեց Գերմանիա՝ պայմանագրային հիմունքներով աշխատելու: Ստացավ հրավերք և չհասցրեց մեր թատրոնում երգել, չնայած դեռ ուսանող տարիներից աշխատում էր օպերային ստուդիայում և մասնակցում բոլոր ներկայացումներին: Դեռ երկրորդ կուրսում նա դարձավ Իսահակայանի անվան հանրապետական մրցույթի դափնեկիր, դեռ 17 տարեկանում, դա նրա առաջին հաղթանակն էր: Այնուհետև հաջորդեցին մի շարք մրցույթներ: Նա օժտված է հիանալի երաժշտական տվյալներով, գեղեցիկ արտաքին, հրաշալի ձայն: Ուսանողական տարիներին շատ աշխատասեր ու պարտաճանաչ էր: Հրաշալի անձնավորություն է Հրաչուհին՝ մաքուր, բարոյական, մարդկային, մի խոսքով՝ իսկական արվեստագետ: Նրա տաղանդը և պրոֆեսիոնալիզմը ուղղակի հիացնում են»:
Կարեն Դուրգարյանը տեղեկացրեց, որ Հրաչուհի Բասենցը կրկին հրավիրելու է Հայաստան:
«Արդեն մտածում ենք, որ Հրաչուհուն հրավիրենք կոնկրետ ներկայացումների: Պետք է հասկանանք թե 2014 թվականին ինչ ներկայացումներով կցանկանա մեզ հետ ելույթ ունենալ:
Թատրոնը սպասում է նրան»,-հավելեց մաեստրոն:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան
72157637086694886