Ջավախահայ Մնացական Բրսոյանը դառնալով «International» խմբի անդամ` հանդես եկավ «X FAKTOR» նախագծում: Խումբն այդ նախագծում չհաղթեց, բայց նրանք դեռ հույս ունեն,որ կրկին հանրությանը ներկայանալու հնարավորություն կունենան:ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Մնացականի հետ և պարզել, թե ինչպես և ում կողմից ստեղծվեց իրենց խումբը, ինչպես ընտրվեց խմբի անվանումը և առաջիկայում ինչ ծրագրեր ու անելիքներ սպասենք նրանցից:
-Դուք ծնվել և մեծացել եք Վրաստանում: Ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան, ապրել այստեղ, և ինչպես ստացվեց, որ հայտնվեցիք եթերում:
-Ես ուզում էի ստանալ հայկական կրթություն, հայերեն լավ չգիտեի, որոշեցի Ջավախքից գալ Հայաստան, և քանի որ դպրոցն ավարտել էի 9-րդ դասարանի բազայով, եկա այստեղ, ընդունվեցի Երևանի պետական հումանիտար քոլեջի թարգմանիչ, օպերատոր-գործավար ֆակուլտետը: Ասեմ, որ ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Եվ թե ինչպես հայտնվեցի եթերում,ասեմ որ ես վաղուց ձգտել եմ դառնալ երգիչ, հայտնվել հեռուստաէկրանին, ու Փառք Աստծո` հաջողվեց դա ինձ ինչ-որ չափով:
- Ընտանիքդ ինչպե՞ս ընդունեց այդ փաստը:
-Դե քանի որ ես չունեի երաժշտական կրթություն, ինձ միշտ ծնողներս ասում էին, որ ես չեմ կարող անցնել եզրափակիչ փուլ`բարդ կլինի: Ես երգում էի միայն լսողությամբ: Եվ ես իմ առջև դրեցի նպատակ, որ կարող եմ և պետք է անցնեմ «X FAKTOR» նախագծի եզրափակիչ փուլ: Իմ ամբողջ կարողությունները ներդնելով`նույնիսկ առանց երաժշտական կրթություն ունենալու`ապացուցեցի, որ կարող եմ: Երբ ես անցա այդ փուլը`ծնողներս այդ ժամանակ շատ ուրախացան:
-Առաջին անգամ հանդես եկաք «X FAKTOR » նախագծում. ի՞նչ տվեց դա Ձեզ:
-Նմանատիպ նախագծերին մասնակցելը մեծ պատիվ է: Առաջին հերթին ես ձեռք բերեցի լավ ու բարի շատ ընկերներ, դա իմ ամենամեծ ձեռքբերումն է այս ընթացքում:Երկրորդն էլ այն է, որ ես ձեռք բերեցի փորձ` երաժշտական ասպարեզում: Տեխնիկայի, նկարահանող խմբի, ինչու չէ, նաև` ժյուրիի անձնակազմի հետ աշխատելու փորձ ևս, որը ինձ շատ բան տվեց, նորանոր բաներ սովորեցրեց այդ ընթացքում: Այդ նախագիծը ինձ Հայաստանում տվեց ճանաչում, իսկ երբ մարդիկ փողոցում հանդիպում են, ասում են, որ «X FAKTOR» նախագծի «քաչալ» տղան է երգիչ (ժպտում է), և դա կարծես թե ինձ նոր ուժ է հաղորդում:
-Եթե ունենայիք հնարավորություն, ի՞նչ կանեիք:
-Պրոդյուսեր ունենալու համար մեծ գումարներ են անհրաժեշտ:Հայաստանում դժվար է պրոդյուսեր գտնելը,այդ խնդիրը եթե լուծվի`մեր խումբը մեծ հաջողություններ կունենա,քանի որ կարծում եմ շատերը նախագծից հետո մեզ շատ սիրեցին:
-Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում:
-«Երբեք մի ասա երբեք».շարժվում եմ այս սկզբունքով: Եթե մարդ ունի ձգտում և ուզում է ինչ-որ բանի հասնել, ապա անպայման կհասնի իր նպատակին:
-Ի՞նչ է ընկերությունը Ձեզ համար: Ո՞վ կարող է համարվել իսկական ընկեր:
-Ընկերություն…ընկերը դա շատ հարազատ մի մարդ է: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում ընկերը մեկն է: Դու կարող ես ունենալ շատ ընկերներ այսպես ասած, բայց իսկական ընկերը նա է, ով կարող է քեզ հասկանալ, լինել քո կողքին և՛ լավ, և՛ վատ օրերին, ով կփորձի օգնել քեզ, խորհուրդներ տալ: Նաև լավ ընկերը պետք է լինի քո ընտանիքի մի անդամը:
-Ինչո՞ւ «International», և որն է եղել խմբի ստեղծելու գաղափարը, ո՞ւմ կողմից ծնվեց, և ո՞րն էր խմբի գլխավոր նպատակը:
-Մեր խումբը ստեղծվել է ժյուրիի անդամների կողմից: Երբ դեռ չէր սկսվել այսպես կոչված «Judge house» (Ժյուրիի տուն) փուլը, ես այդ ժամանակ մեկնել էի հայրենի Ջավախք: Քույրիկիս հետ փորձում էինք որևէ անվանում ընտրել մեր խմբի համար, և նա առաջարկեց անվանել «International», որը շատ հետաքրքիր կլինի:Ինչու հենց այդպես կոչեցինք, որովհետև ես եկել էի Ջավախքից,Կարինան`Մոսկվայից, Ֆելիքսն էլ Թեհրանից: Եվ երեխաների հետ խորհրդակցելուց հետո էլ դարձավ «International»: Մեզ հետ համաձայնեց նաև մեր խմբի ղեկավար` Գիսանե Պալյանը:
Սուտ կլինի,որ ասեմ որևէ նպատակ ենք ունեցել, իմ կարծիքով այնքան էլ կարևոր չէր նպատակը,կարևորը մասնակցությունն էր այս նախագծում:
- Երբ կողքիդ լինում է պրոֆեսիոնալ մարդ, քո անփորձությունն ավելի է ընդգծվում: Ի՞նչ դժվարություններ կային սկզբնական շրջանում:
-Արդեն նշեցի,որ ի տարբերություն մյուսների` ես չունեմ երաժշտական կրթություն,և սկզբում ահավոր դժվար էր ինձ հասկանալ նոտաները, բայց ի շնորհիվ Կարինայի և Ֆելիքսի`ես հաղթահարեցի այդ դժվարությունները որոշ չափով: Նրանք ինձ օգնում էին, բացատրում, թե ինչպես ճիշտ երգեմ վերևի ու ներքևի նոտաները, ինչպես երգել կվարտետ ու երեք ձայն: Իսկ խմբով երգելը երեք ձայնով `մեր պարագայում արդեն եռակի դժվարություն էր առաջացնում մեզ համար, քան անհատապես երգելը: Շատ շնորհակալ եմ նաև Գիսանե Պալյանին, ով իր գործի վարպետն է, և մի շատ լավ ու հետաքրքիր անձնավորություն, ով մեզ համար և՛ ուսուցիչ էր , և՛ ընկեր և՛ մայր:
-Ո՞ր ոճի երգերն են Ձեր խմբին ավելի հոգեհարազատ:
-Մենք մասնակցել ենք 7 գալա համերգների այդ ընթացքում, և երգել ենք տարբեր ոճերի երգեր: Մեր խմբի համար դժվար էր նաև երգ ընրելը, քանի որ երեքս էլ տարբեր ոճի ու ճաշակի մարդիկ էինք,տարբեր էիր մեր ձայները:Բայց հիմնականում մեղեդային երգեր ենք կատարել:
-«Մայրիկ» երգը լայն արձագանք գտավ հանրության կողմից: Մի փոքր կպատմեք երգի մասին, և արդյոք չե՞ք պատրաստվում տեսահոլովակ նկարահանել:
-Այդ փուլի համար մենք պետք է ընտրեինք որևէ հայկական երգ` նվիրված մայրիկին: Երկար քննարկումների արդյունքում մենք ընտրեցինք Մարինա Ալեսի «Մայրիկ» երգը: Փորձեր, փորձեր, և երկար տանջվելուց հետո վերջապես ստացվեց մեզ կատարել այդ երգը: Իսկ տեսահոլովակ արդեն կա` Շուշան Պետրոսյանի կատարմամբ:
Մեր երգից հուզվեց ողջ հանրությունը,նույնիսկ` Հայաստանի սահմաններից դուրս: Մի աղջիկ մեզ գրել էր, որ իր հոր մահից հետո ինքն այլևս քարացել էր մի տեսակ, և չէր կարողանում արտասվել,բայց մեր երգից հետո կրկին նրա աչքերից հոսել են արցունքներ:
Վստահ կարող եմ ասել, որ մեր կատարումներից ամենահաջողվածը «Մայրիկ» երգն էր, ու երբ ասում են «International», ապա հիշում են «Մայրիկ», որի շնորհիվ մեր ճանաչումն ավելի ընդլայնվեց:
-Կարծես թե 3 մասնակիցներդ էլ Ձեր ծնողներից հեռու եք բնակվում: Այդ երգը կատարելուց ի՞նչ էր կատարվում Ձեր հոգում:
-Մի փոքր բարդ էր մեզ համար կատարել այդ երգը: Երբ սկսում ես կատարել այնպիսի մի երգ, որի կողքով անտարբեր չես կարող անցնել, ու որ կարոտը խեղդում է դեպի մորը, բեմում երգելիս սկզբում Ֆելիքսը, հետո` Կարինան հուզվեցին, իսկ ես` ոչ: Պատճառը նրանում չէր, որ ես չէի կարոտել մայրիկիս, այլ այն, որ արտիստի գլխավոր դերը բեմի վրա ոչ թե հուզվելն է, այլ`հուզելը: Երևի դա էր խնդիրը, որ ես չհուզվեցի կարծում եմ:
-Դուք չհաղթեցիք նախագծում: Արդյո՞ք որևէ բանում թերացել էիք:
-Չե՛մ կարծում, որ այս հարցում մենք որևէ ճակատագրական սխալ ենք թույլ տվել` դուրս մնալով նախագծից, պարզապես մեր խումբը նվազագույն ձայներն էր հավաքել այդ օրը մեր մրցակցուհի`Տիկին Ասիայի ձայների համեմատ: Եվ ժյուրին էլ որոշեց, որ մենք պետք է լքենք նախագիծը:
-Այժմ ինչո՞վ է զբաղված Ձեր խումբը, ի՞նչ նոր ծրագրեր, նախագծեր կան առաջիկայում, ի՞նչ սպասենք Ձեզնից:
-Դեռևս մեր խմբից սպասելիքներ չկան, չգիտեմ, երևի թե երեքս էլ զբաղվենք վոկալով, որոշակի դասընթացներ անցնենք երգի ասպարեզում:Կրկին գալիս եմ այն եզրակացությանը, որ եթե լինի ձգտում,միջոցներ, ապա կփորձենք որևէ երգ ձայնագրել: Հույսներս դեռ չենք կորցնում, և կարծում եմ, որ անպայման որևէ հաջողությունների կհասնենք մեր խմբով:
Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի