ASEKOSE.am–ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է երգիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն:
- Ասում են` առաջին ծափերը երբեք չեն մոռացվում: Հիշու՞մ եք Ձեր առաջին ելույթը:
- Իհարկե. 1985 թվականի նոյեմբեր ամիսն էր, եթե չեմ սխալվում: Արամ խաչատրյան մեծ համերգասրահում էր համերգը` Կ.Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: Տպավորություններս դեռ թարմ են: Երեխա էի` ընդամենը 15 տարեկան: Առաջին բեմելն էր, և սարսափելի շփոթված էի...հազարից ավելի հանդիսատես ծափահարում էր: Շփոթված կանգնել էի: Օրբելյանն ասում էր` կանչեք այդ երիտասարդին, որովհետև ես չգիտեի ինչ անել:
-Ի՞նչն է որոշիչ եղել Ձեզ մասնագիտության ընտրության հարցում:
- Կդժվարանամ որևէ հանգամանք նշել, դա պարզապես Աստծո կամքն էր:
- Ծնվել եք դերասանի ընտանիքում: Դեռ մանկությունից արվեստի հետ «հանդիպումն» ի՞նչ տվեց Ձեզ:
-Մայրս մանկավարժ էր, հայրս շատ արտիստիկ էր, բայց պրոֆեսիոնալ դերասան չէր: Նա արհետսավոր էր, և ես հպարտանում եմ դրանով: Սակայն, իսկապես, մեր տանը միշտ արվեստագետներ են հյուրընկալվել, քանի որ հորաքույրս դերասանուհի էր, իսկ նրա ամուսինը` հայտնի կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը: Կինոաշախարհի շատ ականավոր ներկայացուցիչներ` թե հայկական, թե ռուսական, հաճախ էին մեր տուն գալիս: Թեպետ ես փոքր էի, բայց նրանց հետ շփումը շատ բան է տվել ինձ: Շատ մեծ հետք է թողել ինձ վրա:
-Արժեքներ, որոնք անգնահատելի են Ձեզ համար:
- Սերը
- Երևույթներ, որոնք խորթ են Ձեզ:
-Սուտը և ոչ անկեղծ լինելը:
-Եթե հնարավոր լիներ, ի՞նչ կփոխեիք:
-Ես չէի փոխի. թող Աստված փոխի, ես պարզապես կցանկանայի, որ ավելի շատ սիրեինք և ժպտայինք:
-Ինչի՞ն կամ ու՞մ եք անվերապահորեն հավատում:
-Աստծուն:
- Ասում են` առանց երգի կյանքը սխալմունք կլիներ... Առանց երգի ի՞նչ կպակասեր Ձեր կյանքում:
- Շատ անգամ եմ այդ հարցն ինքս ինձ տվել` եթե երգը, երաժշտությունը չլինեին, ինչպե՞ս կապրեինք: Վստահ եմ` չափազանց դժվար կլիներ: Պարզապես կյանքը կանգ կառներ:
-«Երաժշտությունը հոգուց լվանում ու մաքրում է առօրյա կեղտն ու փոշին».... Երաժշտությունն Արամոյի համար....
- Պետք է հստակեցնել, թե ինչպիսի երաժշտության մասին է խոսքը: Մեր իրականության մեջ այնպիսի բան է կատարվում, որ երաժշտությունն ամեն ինչ կեղտոտում է, չի մաքրում: Գոյություն ունեն այնպիսի ոճեր, որոնք աղտոտում են, փչացնում են, ցավեցնում են:
Սիրում եմ տարբեր ոճի երաժշտություն` լավ, մաքուր երաժշտություն: Բայց ինձ համար դասականն անփոխարիենլի է:
Ընդհանուր առմամբ` որպես հարցի պատասխան, կասեմ, որ Երաժշտությունն աստվածային է, երաժշտությունը հրաշք է, կյանք է, սեր է, ապրելակերպ, միտք, խոսք, երևակայություն, վերջապես` երաժշտությունը տիեզերք է:
-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել, որը` զվարճացրել:
-Անկեղծ ասեմ` չեմ հիշում:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ասեկոսեներին առհասարակ:
-Եթե չափի մեջ է, նորմալ եմ վերաբերվում, իսկ երբ փայտիկը դարձնում են գերան, դա անընդունելի է:
Հարցազրույցը` Հասմիկ Գյոզալյանի