ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամներից Ադամ Շիֆը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը իրենց ձայնն են բարձրացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձեւի դեմ։ Հիշեցնելով շփման գծում իրականացվող զինված գործողությունները՝ ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին հղած նամակում մտահոգություն է արտահայտում այն կապակցությամբ, որ բանաձեւը որեւէ կերպ չի անդրադառնում դրան, իսկ Ադրբեջանը շարունակում է մերժել այստեղ կրակի ուղղությունը որսացող սարքեր տեղադրելու առաջարկը։ ՝՝Ես բարձր եմ գնահատում այս բանաձեւի նկատմամբ Պետդեպարտամենտի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտնված ընդդիմությունը, որտեղ նշվում է, որ այս հակամարտությունը լուծելու միակ կառույցը ԵԱՀԿ-ի գործընթացն է, եւ որ դրանից դուրս ԵԽԽՎ-ի կողմից որեւէ հայտարարություն անօգուտ է՛՛, գրում է կոնգրեսականը եւ հորդորում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ու մասնավորապես պետքարտուղար Ջոն Քերրիին՝ ամենաբարձր մակարդակով արտահայտել այն տեսակետը, որ նման բանաձեւի ընդունումը կարող է ապակայունացնել շփման գծում արդեն իսկ խոցելի իրավիճակը։ Մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բանաձեւի շուրջ քվեարկություն անցկացնելը Քերրիին հղված իր նամակում կոնգրեսական Բրեդ Շերմանը հորդորել է, որ ԱՄՆ-ը դիմի այս բանաձեւը պարտության մատնելու անհապաղ քայլերի, բանաձեւ, որը նրա խոսքերով, ՝՝ փոձում է անտեսել Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցություններում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դերը՛՛։ Նամակում ասված է, թե Մինսկի խմբի դերի անտեսումը ոչ միայն վատ քաղաքականություն է, այլ նաեւ վիրավորանք է Ամերիկայի ժողովրդի նկատմամբ։ ՝՝Եվրոպայի արդեն մի քանի սերունդ հորդորում են Ամերիկային ներգրավվել Եվրոպային հուզող հարցերում։ Միայն 2Օ-րդ դարում հարյուր հազարավոր ամերիկացիներ են զոհվել հանուն Եվրոպայում խաղաղության՛՛։ Եվ այսօր, գրում է կոնգրեսական Շերմանը, հարիր չէ Մինսկի խմբի դերի անտեսումը, որի համանախագահներից է Միացյալ Նահանգները։ Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի ընդունումը՝ ձայների 66-ը 70-ի հարաբերակցությամբ։ Այս վիճահարույց փաստաթուղթը կոչ էր անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»: Մինչդեռ բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցը 98 կողմ, 71 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց։ Ավելի վաղ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս ու ֆրանսիացի համանախագահները կոչ էին արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները։
ԱՄՆ-ի կոնգրեսաններն իրենց ձայնն են բարձրացրել ԵԽԽՎ կողմից ընդունված հակահայկական բանաձևի դեմ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet