Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում: Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26'), ինչն էլ պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը. տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Երկրի հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը ներկայումս տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին, իսկ ամառայինը՝ հունիսի 21-ին: Ամառային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը, իսկ ձմեռային արևադարձի ժամանակ՝ հակառակը՝ ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը:
Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ամռան և աշնան ընթացքում կեսօրին Արեգակը զենիթից ավելի ու ավելի է ցածր է դիտվելու (ցերեկվա տևողութունը սկսում է նվազել, իսկ գիշերվանը՝ աճել), աշնանային գիշերահավասարի ժամանակ ցերեկն ու գիշերը հավասարվում են, և ձմեռային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում, Արեգակը կարծես կանգ է առնում, և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (ցերեկվա տևողութունը սկսում է աճել, իսկ գիշերվանը՝ նվազել) մինչև ամառային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում:
Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին: