Հայաստանում չկան հարթակներ, որոնք նպատակաուղղված են` պետության ու ժողովրդի գլոբալ խնդիրների լուծմանը: Ընդհակառակը, բոլոր հարթակներից լուծվում են բացառապես սեփական գլոբալ խնդիրներ:
Այլակարծության կցկտուր օրինակներն ընդամենը աճպարարության հնարամտություններ են: Տեսակետների խաչմերուկներում ստեղծված խառնաշփոթում խոսքի ազատությունը ոմանց շահերին ծառայելու հրաշալի պայմաններ է ստեղծում: Որևէ ծանրակշիռ կամ համընդհանուր նախաձեռնության առաջարկ արդյունքում` կորցնում է դերն ու նշանակությունը: Այս աճպարարության շնորհիվ իշխանությունները հրաշալի հնարավորություն են ձեռք բերում հեշտությամբ չեզոքացնելու ցանկացած լարվածություն: Կազմալուծված հասարակությունն իրենից գլոբալ վտանգներ ներկայացնել չի կարող:
Ահա, մեր բոլոր ձախողումների պատճառը:
Ցավում եմ, որ շատերն այս աճպարարության ազդեցության ներքո փոխեցին իրենց դեմքն ու տեսակը: Որ ամեն ինքնակոչի հանդուրժելով` նախընտրեցին մի կողմ քաշվելու որոշումը: Հեղինակավոր մարդը սոսկ անուն-ազգանուն չէ: Եվ բացի այն, որ այս կոչումը հատուկ է համընդհանուր գնահատանքին արժանացած անհատների, ովքեր իրենց իմացությամբ, անբասիր ապրելակերպով, աշխատանքով և ավանդով ծառայում են սեփական ժողովրդին, այն նաև ենթադրում է անհանդուրժողականություն նեգատիվ երևույթների հանդեպ պայքարելու և առաջնորդելու առաքելություն:
Ամբողջ մի կյանք հաստատվել, որպեսզի վերջում խոստովանես, թե անիմաստ ես ապրել, ինչ է, թե միասնականության հարցում տգետներն ավելի «իմաստուն» գտնվեցին: Բա, ուր մնաց հասարակության շնորհած հեղինակավորի կոչումը: Ուրեմն պատեհ-անպատեհ եկեք չհոլովենք` մտավորական-մտավորականություն անվանումները: Ապրենք նոր դարի` «շոու-բիզնեսյան» սահմանումներով...Ինչ-որ չափով գոնե կկոմպենսացնենք սպասելիքները:
Անկեղծ ասած, այսպիսի իրողության պայմաններում` ինքնասիրությունից ու արժապատվությունից խոսելը զավեշտի է նմանվում: Ասեմ` խոհեմ տարբերակը լռելն է, կհակասեմ ինքս-ինձ: Ահա այն, ինչի համար ստեղծվել են քաղաքական աճպարարությունները: Սակայն ինքս միշտ հաստատակամ եմ այն հարցում, որ որևէ արհեստական անորոշություն կամ միտումնավոր ապակայունացում,գոնե ինձ նման մարդուն չի կարող շեղել սեփական ակզբունքներից:
Շատերից քիչ կամ ավել պայքարի ու պայքարելու գուցե սեփական մոտեցումներով,սակայն երբեք չեմ հանդուրժելու մարդավայել ապրելու իմ իրավունքի հանդեպ ցանկացած ոտնձգություն: Իսկ մարդավայել ապրել, անվերապահորեն, ենթադրում է` կիրթ, զարգացած, բարձրարժեք հասարակություն նաև: Եվ այս հրամայականն հարուստ ավանդույթներ ունեցող մեզ նման ժողովրդի համար` այլընտրանք չունի: «Քաղաքակիթ ստրուկի» կարգավիճակ այսօր աշխարհի շատ երկրներ են առաջարկում:
Բայց Մենք` հայ ենք...
Ամեն` Աստծո առավոտ կրկնեք այս խոսքերն ու հավատացեք, որ այս պարզագույն միջոցն ունակ է հրաշքներ գործել: