«Խազեր» մրցանակաբաշխությունն ու Հայկական ազգային երաժշտական ակադեմիան հայկական և համաշխարհային երաժշտության առանցքային դեմքերի միջև կապ հաստատելու բացառիկ և լիցենզավորված հարթակ է, որը ծառայում է երաժշտական պրոդյուսերների, գործակալների և կայացած արտիստների գործունեության ընդլայնմանը, միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունների ստեղծմանը։
Միավորելով հայկական երաժշտական ոլորտում նշանակալի ազդեցություն ունեցող մարդկանց` ՀԱԵԱ-ն նոր համագործակցություններ է ստեղծում համաշխարհային շուկայում` դառնալով հայկական և միջազգային երաժշտական ոլորտների միջև կամուրջ և ստեղծելով նոր հնարավորություններ և հարթակներ հայ արտիստների համար:
Մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Խազեր» հայկական երաժշտական՝ արդեն երկրորդ մրցանակաբաշխությունը:
Asekose.am-ը զրուցել է «Խազեր» մրցանակաբաշխության «Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ» անվանակարգում նոմինացված Կարեն Սևակ բենդից Կարեն Համբարձումյանի հետ:
«Խազեր» մրցանակաբաշխությունն այս տարի երկրորդ անգամ է անցկացվում, և դուք այս տարի առաջին անգամ եք մասնակցում, անվանակարգերից մեկում նոմինացված եք:
Այո, այս տարի նոմինացված ենք, իսկ նախորդ տարի չենք ընդգրկվել, հայտ չենք ներկայացրել մրցանակաբաշխության համար:
Ինչ կասեք այս մրցանակաբաշխության կարևորության մասին:
Իմ կարծիքով մրցանակաբաշխությունը լավ միջոցառում է արտիստների համար, լավ մրցակցություն է, քանի որ ներառված է լավ ժյուրի`պրոֆեսիոնալ մարդիկ, մեզ համար հաճելի ու հետաքրքիր է մասնակցել, տեսնել, թե ինչպես են գնահատել քո աշխատանքը:
Մրցանակաբաշխություններին և այս դեպքում` հենց «Խազեր»-ին մասնակցությունը ի՞նչ է տալիս ստեղծագործող մարդուն:
Իմ կարծիքով ավելի շատ մոտիվացիա է տալիս`ավելի լավ աշխատելու, ավելի հետաքրքիր ներկայանալու, ավելիին ձգտելու:
Ինչպես կգնահատեք և կմեկնաբանեք որոշ արտիստների վերաբերմունքն ու հայտարարությունները` մրցանակաբաշխության վերաբերյալ:
Ըստ իս`ամեն արտիստ ունի իր վերաբերմունքը յուրաքանչյուր նմանատիպ թեմաներում, իրենք են որոշողը` ինչպես կցանկանան անել, կոնկրետ մեզ համար` շատ հետաքրքիր է նոմինացվելը, մասնակցելն ու ինչու՞ չէ նաև հաղթելը, եթե իսկապես կատարած աշխատանքը լավն է:
Ի՞նչ եք կարծում` ինչու են ոմանք հրաժարվում մասնակցել մրցանակաբաշխությանը: Խուսափում են, արդյո՞ք, մրցակցությունից...
Ըստ իս`բոլոր արտիստները, արվեստագետները շատ էմոցիոնալ են, բոլորն էլ զգում են, որ իրենք արժանի են հաղթանակի: Եվ իրոք` բոլորն էլ, ովքեր նոմինացված են եղել, լավն են եղել, պրոֆեսիոնալ են եղել, արդյունքում`կարևորը և վճռորոշը պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականն է:
Իսկ ի՞նչ կասեք անվանակարգերում ընդգրկվելու կարգի մասին։
Իմ կարծիքով, եթե մարդ տարվա ընթացքում արել է աշխատանք և որակով աշխատանք է արել, կարծում եմ պետք է ընդգրկված լիներ, կան մարդիկ, ովքեր ներկայացրել են ավելի հին աշխատանքներ, որոնք այս տարվա ընթացքում չեն կատարել: Ժյուրին պրոֆեսիոնալ թիմից է կազմված: «Խազեր» մրցանակաբաշխությունն ավելի շատ նրա համար է, որ երաժշտական որակը բարձրանա, ավելի պրոֆեսիոնալ մոտենան` թե´ գործիքավորումներին, թե´ երգերին, թե´ տեսահոլովակներին:
Կարեն Սևակ բենդն այս տարի «Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ» անվանակարգում է նոմինացված: Որքանո՞վ է հաղթանակը ցանկալի:
Շատ լավ կլինի, եթե մենք հաղթենք, որովհետև չեմ կարծում, որ կա մարդ, ով մի տեղ նոմինացված լինի ու չուզենա հաղթել: Կա մրցակցություն, բոլորը արժանի են այդ ամենին, արդեն պետք է ընտրի պրոֆեսիոնալ ժյուրին: Եթե չհաղթենք, ապա կփորձենք մյուս տարի: Երբ Արթուր Գրիգորիչը ողջ էր, ինքն էր գնահատականը տալիս`լավ է, լավ չէ, իր կարծիքը շատ կարևոր էր: Իսկ «Խազեր» մրցանակաբաշխությունը հենց այդ հարթակն է, որը կասի`տվյալ տարվա աշխատանքն արժանի՞ է հաղթանակի, թե՞ ոչ:
***
Հավելենք, որ «Խազեր» մրցանակաբաշխության անվանումը վերցված է հայ միջնադարյան նոտագրական համակարգի՝ խազերի անունից։
«Խազեր» հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունում արտիստները, խմբերը և նախագծերը առաջադրվում են ինչպես սեփական դիմումի համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկությամբ: Դիմումների և քվեարկության արդյունքում ձևավորվում է մեծ ցանկը, որից հետո ՀԱԵԱ խորհրդի անդամների քվեարկությամբ կազմվում է առաջադրված արտիստների ցանկը: Հաղթողները որոշվում են Ակադեմիայի անդամների քվեարկության արդյունքում:


