«Երևան-Կապան ինքնաթիռային չվերթով ՀՀ Սյունիքի մարզ աշխատանքային այցելություն կատարած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր այցին հաջորդող շաբաթվանից, կմեկնարկեն Երևան-Կապան կանոնավոր ինքնաթիռային չվերթները։ Ավելի ուշ հայտարարվեց, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Չվերթները պետք է իրականացներ «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից գնված ինքնաթիռով։
Դեռևս Նիկոլ Փաշինյանի Սյունիքում գտնվելու ընթացքում Կապանի օդանավակայանը երկու անգամ ադրբեջանցիների կողմից ենթարկվեց հրազենային գնդակոծության։ Հարկ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանի հանցավոր որոշմամբ ադրբեջանցիները ներկայումս տեղակայված են Կապանի օդանավակայանի անմիջական հարևանությամբ։
Վարչապետի այցից հետո, 2023 թվականի օգոստոսի 21-ին ավիաչվերթով Երևանից Կապան է մեկնել ընդամենը երկու ուղևոր (հավանաբար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ), իսկ հակառակ ուղղությամբ օդանավի ուղևորներն էին եղել ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։ Չվացուցակով նախատեսված ընդամենը երկրորդ թռիչքը հետաձգվել է՝ արևոտ այս օրվա «անբարենպաստի» եղանակի պատճառաբանությամբ։ Ակնհայտ է, որ խնդիրն առավելապես կապված է անվտանգության հետ, քանի որ Ադրբեջանից սպառնալիքներ էին հնչեցվել այդ օդանավակայանի շահագործման կապակցությամբ։
Հարկ է նկատել, որ «Նովէյր» ընկերությունը Երևան-Կապան-Երևան ուղղություններով չվերթներ իրականացնելու մտադրություն ունեցել է դեռևս 2021 թվականին՝ նախատեսելով կանոնավոր չվերթներ 2022 թվականի հունվարի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը L410 տիպի օդանավով, սակայն 2021 թվականի հոկտեմբերին չեղարկել է իր հայտը»: