Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը Asekose.am-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց համացանցում ու մամուլում տարածված ստահոդ տեղեկատվության առիթով, ըստ որի Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի՝ Արաբկիրում գտնվող մասնաճյուղի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանզի, իբր, Երևանի քաղաքապետի` գրադարան այցի ժամանակ լրագրողներին հարցազրույց տալու պատճառով մի քանի րոպե ուշացումով է միացել Տարոն Մարգարյանին:
«Նախ զարմանում եմ, երբ լրագրողը առանց աղբյուրի հետ զրուցելու բացահայտ սուտ տեղեկություններ է հրապարակում, այդ հրապարակումը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»,-նշեց տնօրենը:
Տիկին Կարապետյանի խոսքով` մեր երկրում անգամ «լավին` լավ» չեն կարողանում ասել, ինչը ցավալի է. «Զարմանում եմ` մարդիկ ինչու ուրախ չեն, որ տասնյակ տարիներ չվերանորոգված գրադարանները վերջապես վերանորոգվում են, ինչու այդ մասին չեն գրում: Այդ գրադարանը 1964 թվականից հետո չի վերանորոգվել, հիմա գրադարանների վերանորոգման ծրագրով քաղաքապետարանը հանձն է առել վերանորոգել մեր գրադարանի Արաբկիրի մասնաճյուղը, հետո նաև մնացած բոլոր մասնաճյուղերը: Այս մասին գրելու, բարձրաձայնելու փախարեն մարդիկ մտացածին պաշտոնանկություններ հորինելով են զբաղված:
Հասմիկ Կարապետյանը նաև նշեց, որ Իսահակյանի անվան գրադարանի Արաբկիրի մասնաճյուղի տնօրենը վաստակաշատ աշխատող է, որևէ նկատողություն իր երկարամյա աշխատանքի ընթացքում չի ստացել, բազմաթիվ պատվոգրեր ունի և նա շարունակում է աշխատել:
Asekose.am-ը զրուցեց նաև «պատմության գլխավոր հերոսի»` Ավ.Իսահակյանի անվան գրադարանի Արաբկիրի մասնաճյուղի տնօրեն Անահիտ Պետրոսյանի հետ:
«40 տարի է ես աշխատում եմ այս գրադարանում և հենց այս պահին էլ գրադարանում եմ և շարունակում եմ աշխատել: Պարզապես զարմանում եմ` ինչպես կարելի է առանց ինձ տեսնելու տեղեկություն տարածել, թե ինձ ստիպել են, որ ես դիմում գրեմ: Այդ պատմությունն ամբողջութամբ հորինված է»,-զայրացած նշեց մասնաճյուղի տնօրենը:
Հեղինակ`
Անի Միրաքյան