Այսօր Հայաստանում, ցավոք, ոչ միշտ, սակայն հաճախ կարող ենք մասնակից դառնալ տարբեր նկարիչների կողից կազմակերպած անհատական ցուցահանդեսներին, որոնց ձեռքով ստեղծած կտավները գրեթե միշտ յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում: Այդպիսի երիտասարդ նկարիչ-աբստրակցիոնիստներից է Արամ Կաչյանը, ով բոլորովին վերջերս Հայաստանում առաջին անգամ ներկայացավ իր անհատական ցուցահանդեսով:
Asekose.am-ի թղթակիցը զրուցել է նկարչի հետ` աբստրակտ ոճում ստեղծագործելու, ցուցահանդես կազմակերպելու իր որոշման և դրա հետ կապված իր սպասելիքները արդարանալու, իր ստեղծած նկարների միջոցով հարցեր բարձրացնելու և այլ մանրամասների մասին:
Մեզ հետ զրույցում Արամ Կաչյանը նշեց, որ մինչ աբստրակտ ոճով ստեղծագործելը երկար տարիներ զբաղվել է ռեալիզմով, սակայն ըստ նրա խոսքերի` եկել է մի ժամանակ, երբ նա ցանկություն է հայտնել դուրս գալ այդ ամենից:
«Ռեալիզմը իրական տեսանելիության վերարտադրությունն է` չնայած այն բանին, որ ստեղծագործում ես ինքդ: Իսկ աբստրակցիան հենց այն է, ինչ դու զգում և տեսնում ես, ինչի միջոցով կարողանում ես առաջադրել քո հարցերը` միևնույն ժամանակ փորձելով մեկ այլ կտավով պատասխանել այդ հարցերին: Սա այլ աշխարհ է, որը կապված է մարդու էության հետ»,- ասաց նկարիչը:
Այն հարցին, թե ո՞րն է իր ձեռագիրը, ինչի միջոցով նա փորձում է բարձրացնել որոշ հարցեր, Արամ Կաչյանը պատասխանեց` քանի որ աբստրակցիան իրենից ներկայացնում է կոնկրետ ոչինչ, նա փորձում է հենց իր տեսակետից առաջադրել այն հարցերը, որոնք այսօր ամենից շատ են ակտուալ:
«Աբստրակտ ոճում ստեղծագործելիս ես հաշվի չեմ առնում ոչ մի կոնկրետություն: Այն անծայրածիր տիեզերք է և հենց դա է պատճառը, որ հիմնականում հենց կտավը պետք է առաջադրի հարցը, որի պատասխանը պետք է գտնի դիտորդը: Բայց, միևնույն ժամանակ, ես չեմ փորձում իմ նկարների միջոցով ուղղորդել որևէ մեկին, չեմ փորձում նրան պարփակել այդ շրջանակում: Շնորհիվ աբստրակցիայի ժանրի` ես հնարավորինս փորձում եմ շեղվել կոնկրետությունից»:
Իսկ թե արդյո՞ք այն, ինչ նա փորձում է տեղ հասցնել մարդկանց, հասկանալի է դառնում նրանց, Արամն ասաց, որ այնպես է ստացվել, որ ոչ միայն հասկանում, այլև` չափից շատ է գնահատվում, ինչը, բնականաբար, նրա համար բավական ուրախալի փաստ է:
Անդրադառնալով վերջերս կազմակերպած իր անհատական ցուցահանդեսին` Արամ Կաչյանը պատմեց, որ մինչ այս նա նաև մասնակցություն է ունեցել տարբեր երկրներում կազմակերպած ցուցահանդեսներին, իսկ ինչ վերաբերում է իր անհատականին` նա նշեց, որ արդեն վաղուց է, ինչ այդ ցանկությունը եղել է նրա մոտ, պարզապես պահը դեռ չէր հասունացել:
Ըստ նրա խոսքերի` ցուցահանդեսը անցկացվել է ստանդարտից դուրս` և վայրի, և լուսային ձևավորումների, և երեկոյան ժամի, և երաժշտության առումով: Տեղեկացնենք, որ ցուցահանդեսին ներկա են եղել ինչպես հայ, այնպես էլ մոտ 30 երկրներից հրավիրված հյուրեր: Արամ Կաչյանը կայացած է համարում իր անհատական առաջին ցուցահանդեսը և ուրախությամբ նշում, որ իր կտավներից երկուսը վաճառվել են բավական բարձր արժեքով` 22.000 և 27.000 ԱՄՆ դոլարով:
«Դրսից եկած հյուրերը, ովքեր հասկացան, որ ցուցահանդեսում ներկայացված են բավական արժեքավոր գործեր` փորձեցին դրանք Հայաստանից դուրս տանել: Ուրախ եմ և, ինչու չէ, թույլ կտամ ինձ նշել, որ իմ ցուցահանդեսը բավական լայն շրաջանակներ ունեցավ»,- ավելացրեց հեղինակը:
Իսկ թե արդյո՞ք նա նախատեսում է իր անհատական ցուցահանդեսներով այցելություններ կատարել նաև այլ երկրներ, նկարիչը պատասխանեց, որ արդեն իսկ որոշ պայմանավորվածություններ կան Մոսկվայի և եվրոպական մի քանի երկրների հետ:
Զրույցի վերջում անդրադառնալով նաև Հայաստանում համապատասխան կառույցների կողմից նկարիչներին տրվող աջակցությանը, առհասարակ, մեր երկրում նկարչի դերին ու նշանակությանը, Արամ Կաչյանն ասաց, որ իր կարծիքով իրական արվեստագետի համար չպետք է որևէ սահմանափակում գոյություն ունենա և որ երբեք էլ չի ակնկալել, չի դիմել և չի էլ փորձել որևէ աջակցություն ստանալ:
«Ես արել եմ այն, ինչ ինձ է հաճելի, ինչին ես եմ ձգտել, և Փառք Աստծո, մինչ օրս ամեն ինչ իր ընթացքի մեջ է»,- իր խոսքը եզրափակեց Արամ Կաչյանը:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան