Թվային լուսանկարներն ունեն իրենց առավելությունը: Միշտ էլ կարելի է նայել file info-ն և իմանալ, թե տվյալ կադրը երբ է արվել. թվային ֆոտոխցիկը ֆիքսում է նույնիսկ վայրկյանները: Երբ արխիվում գտա այս սև-սպիտակ լուսանկարների լայն նեգատիվը, դրա տարեթիվը հասկանալ հնարավոր չէր: Ծրարի վրա ոչինչ գրված չէր: Եվ հանկարծ հասկացա, թե ինչպես պետք է պարզեմ տարեթիվը: Մեծացնելով լուսանկարը, սկսեցի կարդալ պաստառների գրությունները: Կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 26 կկայանա Սովետական երաժշտության փառատոնը` նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակին: 1987 թվականն էր:
Նույնիսկ եթե պատից կախված է հին պաստառը, համերգն էլ արդեն կայացել է, ես այն, միևնույն է, լուսանկարել եմ հոկտեմբերին/նոյեմբերին: Իսկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 31-ին կայանալու էր (կայացել էր) «Նորմա»-ն…Դավիթ Ազարյանը ողջ-առողջ էր, Մարզահամալիրում էլ գեղասահորդների ցուցադրական ելույթներն էին: Էհ, սիրում եմ ուսումնասիրել հին լուսանկարները…
Լուսանկարում` Միքայել Պողոսյանն է. 1987 թվ. աշուն: