Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հայերի ամենանախընտրելի հանգստյան վայրերից մեկը Վրաստանն է: Հատուկ այդ մարդկանց համար ստեղծվել է Gamarjoba.ge կայքը, որի միջոցով Վրաստան գնալն ավելի հարմարավետ է դառնում, քանի որ այն իր տեսակով զբոսաշրջիկների (և ոչ միայն) համար առցանց օգտակար ուղեցույց է, որի միջոցով ստանում են տվյալ երկրի համար զբոսաշրջիկին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Asekose.am-ը զրուցել է Gamarjoba.ge կայքի հիմնադիր Հայկ Ասրիյանցի հետ:
-Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ Gamarjoba.ge կայքը ստեղծելու գաղափարը:
-Երբ տեղափոխվեցի Թբիլիսի ապրելու ու աշխատելու, Երևանից ընկերներս ու ծանոթներս գրեթե ամեն օր գրում էին, հարցնում էին` ինչպես Թբիլիսի հասնել, վարորդների համարներ, լավ հյուրանոցներ, հոսթելներ, ակումբներ, հարցնում էին, թե ջազ-փառատոնի տոմսերը որտեղից գնեն, կամ Բաթումիում ինչ փառատոններ են լինելու ամռանը և այլն: Հասկացա, որ ողջ համացանցում նման ինֆորմացիայի ոչ մի աղբյուր չկա, ու որոշեցի մի տեղ հավաքել խորհուրդներս` ֆեյսբուքում էջ բացեցի: Երբ էջն էի գրանցում, մտածում էի անունը "gamarjoba" դնել. վրացերեն` «բարև»: Պարզ, հիշվող, կարծում եմ Վրաստանի մասին լսած կամ Վրաստանում գոնե մեկ անգամ եղած հայաստանցիները գիտեն այս բառը: Դիմեցի Հայաստանի ամենատաղանդավոր և ամենախոստումնալից դիզայներներից մեկին` Լիլիթ Հարությունյանին, ասացի` ինչ եմ ուզում, ու որոշ ժամանակ անց Լիլիթը ստեղծեց լոգոն, որն առանց որևէ փոփոխության անմիջապես ընդունեցի: Մինչ այդ պարզվեց, որ ֆեյսբուքում "gamarjoba" անունն արդեն գրանցված էր ուրիշի կողմից, թեև չէր օգտագործվում: Սկսեցի այլընտրանքներ մտածել` gamarjoba.tbilisi, gamarjoba.georgia և փորձեցի նաեւ gamarjoba.ge եւ տեսա, որ ազատ է: Մտածեցի, որ տարօրինակ է, երևի, gamarjoba.ge կայքը տնօրինողն արդեն այն օգտագործում է, և ճիշտ կլինի խուսափել նույն անունն օգտագործելուց: Սակայն ստուգեցի, և պարզվեց, որ նման կայք չկա, իսկ անունն ազատ է: Շատ զարմացա, նորից ստուգեցի. իրոք ազատ էր: Զանգեցի ընկերուհուս, որը Վրաստանի քաղաքացի է, և նրա օգնությամբ անմիջապես ձեռք բերեցի անունը 30 լարիով (եթե չեմ սխալվում). այդ ժամանակ դա կազմում էր մոտ 7500 դրամ: Հավելեմ, որ Ուկրաինայից նամակ էի ստացել, ցանկանում էին կայքի անունը գնել 5000 դոլարով, բայց մերժեցի (ժպտում է): Այսպիսով, որոշեցի ֆեյսբուքյան էջից բացի նաև կայք ստեղծել` ընկերներիս և մեր հայրենակիցների համար:
-Ստացվում է, որ Ձեզ հաջողվել է վրացական բրենդ դարձած բառի հեղինակային իրավունքն ունենալ:
-Այո (ժպտում է):
-Որքա՞ն ժամանակ է, որ կայքը գործում է, և արդյո՞ք հետաքրքրություն նկատում եք դրա նկատմամբ:
-Կայքը «թաքուն» ֆորմատով գործում է անցյալ ամառվանից, այսինքն` դրա մասին պատմել էի միայն ընկերներիս և ծանոթներիս: Լսում էի նրանց կարծիքը, նաև ինքս էի մտածում նոր թեմաների մասին: Դիմեցի Թբիլիսիում սովորած հայ ընկերուհիներիցս մեկին` Ռուզան Սաֆարյանին, կայքում բլոգ ավելացրինք: Ժամանակ առ ժամանակ հետևում էի այցելությունների վիճակագրությանը, տեսա, որ կայքն ապրում է, այցելությունների քանակն աճում է: Վերջին մի քանի ամսում նոր նյութեր ավելացրինք, անգամ` Թբիլիսիի մետրոյի և Բաթումիի ավտոբուսների, լարիի փոխարժեքի, Վրաստանի տարբեր քաղաքների մասին: Կարելի է ասել, որ կայքը պաշտոնապես գործարկվել է անցյալ շաբաթ, բայց, անշուշտ, այն շարունակաբար լրացվելու է` ըստ այցելուների նախասիրությունների:
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ կայքը որոշակի առումով միայն սեզոնային բնույթ կկրի, այսինքն` ավելի հետաքրքրություն կունենա միայն ամռանը` զբոսաշրջության ակտիվ շրջանում:
-Իրականում, Ամանորին հայաստանցիների մեծ հոսք կա թե' Բաթումի, թե' Թբիլիսի: Իսկ հունվարից մարտ` ձմեռային սպորտի սիրահարները նաև գալիս են Գուդաուրի: Շատերը Վրաստան են գալիս նաև գնումներ կատարելու նպատակով: Մյուս կողմից` ողջ տարվա ընթացքում այստեղ փառատոններ են անցկացվում: Անցյալ շաբաթ էլեկտրոնային երաժշտության փառատոն կար, գարնանը և աշնանը մի քանի ջազ-համերգներ են լինելու: Աշխուժանում են նաև գործարար կապերը. կայքը միայն զբոսաշրջիկների համար չէ:
-Հայկ, ըստ Ձեզ, հայաստանցիների այդչափ մեծ հետաքրքրությունը Թբիլիսիի, և, առհասարակ, Վրաստանի նկատմամբ պայմանավորված է միայն գնային մատչելիությա՞մբ:
-Կարծում եմ նաև բազմազանությամբ, որակով: Մյուս կողմից, Հայաստանում այլընտրանքը, ցավոք, մեծ չէ:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան