Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի հարևանությամբ «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքի հետևանքով փողոցը ոչ միայն հայտնվել է «պատերազմական վիճակում» այլ նաև մի քանի տարիների տնկված ծառերը արմատից պոկել են, մայթերի եզրաքարերը հանել ու այդպես թողել։ Խնդրի վերաբերյալ ահազանգերը ստացել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նրա հետ զրույցում բնակիչներն ասել են, որ տևական ժամանակ բարձիթողի վիճակ էր տիրում։ Խմելու ջուրը առատորեն հոսում էր և ողողում ոչ միայն շենքին հարակից տարածքը, այլ նաև հասնում միչև գլխավոր փողոց։ Ըստ բնակիչների՝ իրենց բազմաթիվ զանգերից հետո «Վեոլիա ջուր»-ը եկել է, մի հսկայական փոս փորել, ջրի հոսքը դադարեցրել, փոսը փնթի ձևով փակել, իսկ ասֆալտապատման մասին մոռացել։ Շենքի այդ հատվածում կուտակված էր հողի մեծ քանակություն, որը մեքենաների անցնելու հետ և քամու ժամանակ փոշու ամպ էր դառնում ու աղտոտում ողջ տարածքը։ Բնակիչները խնդրանք-պահանջով դիմում են Երևանի քաղաքապետարանին, Նոր Նորքի թաղապետարանին, որ կարողանան «Վեոլիա ջրին» պարտավորեցնել՝ այդ հարցը վերջնականապես լուծել, այլ ոչ թե գործն անի, սակայն «ունքը սարքելու փոխարեն, աչքն էլ քանդի» ու իր գործն ավարտած համարելով՝ հեռանա։ |