Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը օգոստոսի 12-ին ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։
ՀՀԽ խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել յոթ թեկնածուներ՝ Էլմիրա Արսենյանը, Քնարիկ Առաքելյանը, Զառա Արամյանը, Իրինա Շախնազարյանը, Օֆելյա Ասատրյանը, Մարգարիտա Մինասյանը, Նունե Էլմասյան
Նշենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ թեկնածուներից Մարգարիտա Մինասյանը հանդիսանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մայրը։
Այս թեմայով ArmLur.am-ը հարց է ուղղել մասնակիցներից Զառա Արամյանին՝ արդյո՞ք տեղյակ է, որ Մարգարիտա Մինասյանը հանդիսանում է Նազելի Բաղդասարյանի մայրը։
Մեզ հետ զրույցում Արամյանն ասաց.
«Անկեղծ ասած ես շատ զարմացա, քանի որ երկուսն էլ շատ երիտասարդ ու գեղեցիկ են և երբևէ չէի պատկերացնի, որ տիկին Մինասյանն այդքան մեծ դուստր ունի, իսկ Նազելին էլ, որ այդքան երիտասարդ արտաքինով ու գեղեցիկ մայր ունի։ Ես ձեզ ասեմ, որ յոթից յուրաքանչյուրս էլ կարծում ենք, որ արժանի ենք։ Ես անցել եմ իմ ճանապարհը, մնացած վեցն անցել են իրենց ճանապարհը։ Եթե խոսքը գնում է Նազելիի մոր մասին, եթե մարդը երկար տարիներ ղեկավարում է հեռուստատեսություն, ինքը հո կրակը չի՞ ընկել, որ իր դստրիկը վարչապետի խոսնակն է։ Ի՞նչ անի մարդը, էլ ուրիշ բան չունի՞ անել։ Այլ հարց է, որ մենք բոլորս պետք է վստահ լինենք, որ այդ անկախ ընտրիչները իրոք անկախ են լինելու և շատ արդար ընտրություն են կատարելու։ Ես, անկեղծ ասած ասեմ, մի քանիսին ճանաչում եմ, ոչ թե մտերիմ եմ, այլ ուղղակի ճանաչում եմ և գիտեմ, որ իրենք շատ սկզբունքային և անաչառ մարդկային տեսակ են և ես ավելին քան վստահ եմ, որ ընտրվելու է ոչ թե լավագույնը մեզանից, ո՛չ, բոլորս էլ լավն ենք, մեր տեղերում ենք, այլ այն, ով կարող է հեռուստատեսության և ռադիոյի համար դեռ լայնածավալ գործունեություն ծավալել։ Մեկ անգամ էլ ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ այս մրցույթի համար, որը կանանց միջև է։ Սա հնարավորություն է տալիս հասարակությանը ծանոթանալ գոնե այս յոթ կանանց հետ, որոնցից յուրաքանչյուրը իր ճանապարհն է անցել, իր տեղում շատ բաներ է արել, որ այսօրվա՝ 21-րդ դարի կինը, հայ կինը նաև շատ խելացի է, բազում գործունեություն է ծավալում, կարող է հասարակության համար շատ պիտանի լինել և այս յոթին հասարակությունը շատ ավելի լավ կճանաչի և ավելի կբարձրացնի կնոջ դերը տարբեր տեղերում, պաշտոններում։ Բոլորիս մաղթում եմ վստահություն, որ լինելու է անաչառ ընտրություն»։
Աննա Սրապիոնյան