▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերեն պատարագ Քյոլնի հայկական եկեղեցում

Asekose.am-ը նամակ է ստացել Քյոլնի հայ համայնքից, որը հրապարակում  ենք առանց մեկնաբանության` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով  ներկայացնել Քյոլնի հայկական եկեղեցու պարզաբանումն այս առիթով։

 «Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել հայոց ցեղասպանության հարցը: Խորհրդարանին ներկայացված տեքստի վերնագրի և բովանդակության մեջ ներառված է Ցեղասպանություն բառը:

Այս օրերին Գերմանիայի թրքական համայնքը կազմակերպում է բողոքի ցույցեր ու հավաքներ, հազարներով բողոքի, անգամ սպառնալիքի նամակներն են ուղարկվում գերմանացի պատգամավորներին, մանավանդ թրքական ծագում ունեցողներին: Հայկական համայնքն էլ է որոշ քայլեր ձեռնարկում: Շատերը մտահոգված են, թե ի՞նչ է լինելու հունիսի 2-ին:

Եվ այս ամենին զուգահեռ ընկերս, ով ապրում է Քյոլն քաղաքի մերձակայքում, պատմեց, որ մի քանի օր առաջ պատարագի է գնացել Քյոլնի հայկական եկեղեցի: Պատարագը վարել է մի քահանա, ով ըստ նրա եկել է Թուրքիայից:

Պատարագի ընթացքում նա գրեթե մեկ ժամ խոսել է թրքերեն:

Ընկերս մտածելով, որ ամոթ է խոսքի ընթացքում հեռանալ եկեղեցուց, մի քիչ համբերել է կարծելով, թե քահանան կվերջացնի իր խոսքը, բայց որոշ ժամանակ անց այլևս չի դիմացել և հեռացել է եկեղեցուց: Ըստ նրա շատերն են նույն ձևով վարվել և լքել եկեղեցին:

Պատմողների վկայությամբ քարոզող քահանան ոչ մի բառ հայերեն չի ասել և այնքան է անցել չափն ու չարաշահել ներկաների համբերությունը, որ անգամ եկեղեցում ներկա մի ուրիշ հայ քահանա է հեռացել եկեղեցուց:

Կարծում եմ շատ տհաճ ու ցավալի դեպք է: Պետք է պարզվի, թե ինչո՞ւ է հայկական եկեղեցում մեկ ժամ թրքերեն խոսվում և ոչ մի բառ հայերեն: Հետաքրքիր է իմանալ Քյոլնի հայ եկեղեցու պատասխանատուների պատասխանը»,-գրված է նամակում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее