Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադարձավ մոտ կես տարի առաջ բացահայտված` շուրջ 1 տոննա թմրանյութի գործին` նկատելով, որ այդ տեղեկությունն ընդամենը մի քանի օր դարձավ լրահոսի նյութ: «Նիկոլ Փաշինյանն էլ ժանրի կանոններով նշանակեց մեղավորների, և բնականաբար այդ մեղավորները նախկիններն էին։ Եվ վերջ, քար լռություն` կես տարի։ Բայց հաշվի առնելով նաև Հայաստանում ապօրինի թմրամիջոցների շրջանառության աճը, բազմաթիվ հարցադրումներ կան, որոնք հուզում են ոչ միայն ինձ, այլ նաև մեր բազմաթիվ քաղաքացիների։ Ես օրերս հարցում եմ ուղարկել ԱԱԾ և շատ կարճ պատասխան եմ ստացե` նախաքննական գաղտնիք է։ Բայց ուզում եմ հնչեցնել այդ հարցերի մի մասը՝ քանի՞ կալանավորված անձ կա գործով, հետախուզում էիք հայտարարել կոնկրետ անձի նկատմամբ, ի՞նչ եղավ հետախուզումը, ի վերջո, պարզվե՞ց՝ ինչպես է այդ մեկ տոննա թմրանյութը սահմանային անցակետը հատել, մաքսայինի քանի՞ աշխատակից մեղադրյալի կարգավիճակ ունի, ինչպե՞ս կարող էր 250 մլն դոլար արժողությամբ բեռն առանց իշխանական հովանավորչության 4 երկրի սահման հատելով՝ հասնել ՀՀ։ Եվ քանի որ, պարոն Փաշինյան, դուք նախաքննական գաղտնիք հրապարակելու խնդիր չունեք, և նաև հաշվի առնելով, որ ամենաինֆորմացված անձնավորությունն եք ՀՀ-ում, առաջարկում եմ անդրադառնալ այս հարցերին»,- ասաց Խամոյանը։
Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով մոտեցավ ամբիոնին ու ասաց. «Երբ դուք հարցը տալիս էինք, մենք այնտեղ քննարկում էինք, թե տիկին Խամոյանը էս կոկաինի շարժի պրոտոկոլները մանրամասն որտեղի՞ց գիտի։ Որ այդ ամեն ինչն ասացիք, վերջում պետք է բացատրեիք՝ բա որ այդ ամեն ինչն առանց իշխանության չի լինում, իսկ էդ բռնելը ո՞նց է լինում։ Ընդդիմությունն էլ գնաց այդ բեռը բռնեց, ասաց՝ տեսեք, դավադիր իշխանությունը կոկաին էր բերում, մենք էլ գնացինք բռնեցի՞նք։ Ես ենթադրում եմ, որ պատասխանել եմ այդ շրջանակում, ինչ ԱԱԾ-ն կամ իրավապահ մարմինները որպես մամուլի հաղորդագրություն տվել էին։ Շատ մանրամասների չեմ տիրապետում։ Անկեղծ ասած, կոկաինի շարժերի պրոտոկոլներով չեմ հետաքրքրվում։ Նախաքննությունը պիտի տա ձեր հարցերի պատասխանը»։ Ագնեսա Խամոյանը հակադարձեց` Փաշինյանի հայտարարությունից հետո է ԱԱԾ-ն այս գործով հաղորդագրություն տարածել. «Դուք եք հայտնել այն ընկերության անունը, որը լոգիստիկ խնդիր է ընդամենն ապահովել, թե՞ բեռն իրեն է պատկանել։ Դրանից հետո է միայն ԱԱԾ-ն տարածել հաղորդագրություն՝ հաստատելով ձեր ասածները։ Դուք եք կոնկրետ անձնավորության անուն-ազգանուն տվել՝ նաև խախտելով մարդու անմեղության կանխավարկածը։ Հիմա 6 ամիս է անցել, և դուք ուզում եք հավատացնել մեզ, որ որևէ տեղեկություն չեք փորձե՞լ ստանալ, չեք փորձե՞լ հասկանալ, թե ինչ եղավ այդ գործը։ Ես չեմ հավատում։ ԱԱԾ-ն հարցին, թե քանի՞ կալանավորված անձ կա, պատասխանել է, որ նախաքննական գաղտնիք է։ Այսինքն, երբ դուք այդ ամբիոնից մարդկանց անուն-ազգանուններ եք տալիս, ընկերության անուն եք մատնացույց անում, այդտեղ նախաքննական գաղտնիք չկա, բայց երբ պատգամավորը հարցնում է՝ գործով քանի՞ կալանավորված անձնավորություն կա, ասում են՝ նախաքննական գաղտնի՞ք է»,- հակադարձեց Ագենսա Խամոյանը։
Փաշինյանի արձագանքը կարճ էր. «Ինչքան էլ հավատաք-չհավատաք, դա ձեր իրավունքն է, բայց, այո, ես չեմ հետաքրքրվել, որովհետև նախաքննության մարմինը, դատախազությունը, դատարաններն իրենց գործը պետք է անեն։ Մամուլում նաև հրապարակում եղել է, որ այդ գործով կոնկրետ մարդ հետախուզման մեջ է գտնվում»: