▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սղոցե՜ք Շուռա, սղոցե՜ք…

Սելխոզտեխնիկայի գարաժի տգետ վարիչին ասեք, որ գոտիները ձգելու վերաբերյալ խուճապաստեղծ ու անկումային կոչերի փոխարեն, հարկավոր է մարդկանց դուխ տալ, հույս արթնացնել, վստահություն ներշնչել, վաղվա օր ուրվագծել… էս դժվարագույն օրերին ոչ էնքան կասկածելի մենեջերի հատկություններով գանձագող-կառավարչիստներ են պետք երկրին, որքան վստահության սերմեր ցանող քարիզմատիկ «մահապարտներ»… հակառակ դեպքում խարխուլ տաշտակների առջև, ավելի ճիշտ՝ տակ կհայտնվեն բոլորը, այդ թվում՝ իրեն ծովերի թագուհի համարող սելխոզ տեխնիկայի գարաժի անձնակազմը…

...տնտեսական, հասարակական, քաղաքական, անգամ՝ պարզ, կենցաղային հարաբերություններում գերակայում ու ծավալվում ա մարդկային հարաբերությունների կատաբոլիզմը, արժեքներն օր-օրի կազմալուծվում են տարրական, իմաստազուրկ բաղադրիչների… մարդկային անաբոլիզմը դանդաղել ու դանդաղում է աչքի առաջ… տնտեսական հարաբերություններում վստահության ցիրկուլյացիան ապահովելու կոչված մասնիկը ճգնաժամի մեջ է, իսկ նրանք, ովքեր կոչված են էդ մասնիկին տիրություն անելու՝ անում են ամենը, որ շրջապտույտը դանդաղի ու կանգնի…

… սելխոզտեխնիկայի գարաժում դժվար թե հիշեն կենսաբանության դպրոցական դասընթացից էն փաստը, որ մարդու մետաբոլիզմի համար ամենակարևոր միացությունը ԱՏՖ-ն է՝ ադենոզինտրիֆոսֆատը… ու հաստատ չեն հիշի, որ դրա քանակը օրգանիզմում ամեն պահի չի գերազանցում 250 գրամը, բայց ԱՏՖ-ի շրջանառությունը օրվա ընթացքում գրեթե էնքան է, որքան մարդու քաշը՝ տասնյակ կիլոգրամներ… իսկ օրգանիզմը բացառապես դրա շրջանառության հույսին է, պաշար չունի, որովհետև ոչ մի պաշար չի փրկի, եթե օրգանիզմի «վստահության միավորի»՝ ԱՏՖ-ի ցիկլը խախտվեց…

…մեր տնտեսությունն ու հասարակությունը չունեն վստահության էն պաշարը, որը կօգնի հաղթահարել գալիք ճգնաժամը… չի էլ կարող ունենալ… վստահությունը բնական գազ չէ, որ ամբարես ու օրեր, շաբաթներ կամ ամիսներ դիմանաս… վստահության քանակը երկրի օրգանիզմում տվյալ պահին շատ քիչ է, էնքան, ինչքան դեմքին ժպիտ, լեզվին՝ բարի խոսք, գլխում՝ ապագայի ծրագիր, հոգում՝ աղոթք, գրպանում՝ փող, հետևում օրհնանք ու առջևում՝ պարզած ձեռք կա տվյալ պահին… շատ չէ՝ 250 գրամ մեր հսկայական երկի-օրգանիզմի համար… ու միայն էդ վստահության ակտիվ շրջանառությունն է ի զորու ապահովել երկրի գոյությունը… իսկ էսօր ամեն պահ էդ վստահության շրջանառությունը դանդաղում է…

…բայց սելխոզտեխնիկայի գարաժում երևի ամեն բան այլ կերպ են ընկալում…

© սղոցե՜ք Շուռա, սղոցե՜ք…

Վահան Ասատրյան 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее