Արցախցի սորոսական, մոլի հակառուս գործիչ, Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին, ում իշխանության գալուց հետո ինքը ևս Արցախում փորձել էր նախաձեռնել իշխանափոխության գործընթաց Հայաստանի օրինակով:
«ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը ձե՞ր հրամանն է կատարում, թե՞ ինքնագլուխ է որոշել արցախցիներին ստեղից ռադ անել, ինչպես նա է հրապարակային հանդես գալիս իր գրառումներում։
Նշված գրառումը նյութի քոմենթներում է հետևյալ հասցեով՝
Եթե որոշել եք արցախցիներին դուրս հանել ՀՀ-ից, մարդավարի հայտարարեք դրա մասին, մենքել իմանանք՝ ոնց վարվենք։
Թե՞ դուք էլ եք որոշել Կրեմլի պես բլոկադայի ենթարկել, սովամահի հասցնել, որ ստիպեք արցախցիներին հայրենիքի մյուս հատվածնել լքեն»,- գրել է նա:
Լուսանկարում՝ Արթուր Օսիպյանն է
168․am-ն այս առիթով գրում է․ Խնդրո առարկա մեկնաբանությունը, որը, ըստ Օսիպյանի, կատարել է Սևան ՔԿՀ-ի պետի տեղակալը, վերջինս կատարել է մոլի նիկոլական Ավետիք Օրդյանի հակաարցախյան մի տեսանյութի տակ:
Տեսանյութում Նիկոլ Փաշինյանի աջակիցը պատմում է այն մասին, որ տաքսի է պատվիրել, նստել մեքենան, և ընթացքում արցախցի վարորդը լավ չի արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ի դեպ, Ավետիք Օրդյանը Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ քշող խմբի անդամ է, ՔՊ-ական բոլոր քեֆերի մշտական ներկան:
«Դրա համար պիտի դրանց ռադ անենք, արդեն զզվեցրեցին էդ համբալները»,- «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հայկ Մովսիսյանի արձագանքն է այդ տեսանյութի ներքո, ինչն էլ ֆիքսել է Արթուր Օսիպյանը:
Այսինքն՝ պետական մարմնի՝ ուժային կառույցի՝ Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը հրապարակայնորեն ատելության խոսք է տարածում ացախցիների նկատմամբ, առաջարկում նրանց «ռադ անել» Հայաստանից ու հնչեցնում անձը նսեմացնող արտահայտություն՝ «զզվեցրին էդ համբալները»:
Հայկ Մովսիսյանը, ում ֆեյսբուքյան էջից անհետացել է գլխանկարը, ինչպես նաև մնացած լուսանկարները, երևի, որ իրեն չճանաչեն, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հերթական դրածոն է Քրեակատարողական համակարգում:
Սկզբում պետի տեղակալ է նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ում, բայց քանի որ ազատազրկված անձանց բողոքները նրա վերաբերյալ արդեն չափազանց են եղել, ստիպված տեղափոխել են «Սևան» ՔԿՀ՝ համարժեք պաշտոնով:
Հետաքրքիր է՝ Արցախում տևական ժամանակ ապրած ու աշխատած Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը տեղյա՞կ է, որ իր ղեկավարած համակարգում կա արցախատյաց, ատելության խոսք տարածող բարձրաստիճան աշխատակից:
Առավել հետաքրքիր է՝ ինչ ընթացք կունենա այս պատմությունը. Արդյո՞ք Դատախազությունը նույնքան արագ վարույթ կհարուցի վերջինիս նկատմամբ, որքան արագ դա արեց լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքում, ով մահացավ իր գործով առաջին դատական նիստի ժամանակ, դատական նիստերի դահլիճում: Ի դեպ, հիշեցնենք, որ դատարանի դահլիճում մահացած քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանի դեմ վկայություն տվողը Փաշինյանի ՔՊ-ի համակիր էր: