Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից․ «Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:
Նորից շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար:
Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Գևորգյանն այս պաշտոնում նշանակվել էր սեպտեմբերի 5-ին։ Նրա նշանակումը քննարկումների թեմա էր դարձել։
***
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գրառումը․ «Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:
Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:
Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet