Գրել էինք, որ ըստ «Հետք»-ի՝ 2023թ․-ից մինչ օրս Ծաղկաձոր համայնքի ավագանին համայնքապետ Նարեկ Հարությունյանի առաջարկով համայնքային հողերն ուղղակի վաճառքով օտարելու 16 որոշում է կայացրել։
Գնորդների թվում է «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը։
«Հետք»-ը գրում է, որ «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրենը շարունակաբար ընդլայնում է իր հողամասը
Ծաղկաձոր համայնքի ավագանին 2023թ․ մարտին «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանին և Անահիտ Սարգսյանին ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում, 2006 քմ հողամաս է օտարել։ Վաճառքից մեկ ամիս առաջ ավագանին համայնքին պատկանող Մայիսյան փողոց թիվ 34/2 հասցեում գտնվող 2006 քմ բնակավայրերի այլ հող հանդիսացող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել էր բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:
Այս հողամասը Ծաղկաձորում գտնվող, համասեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 5740 քմ հողամասի շարունակությունն է։ Համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը ավագանու հաստատմանը ներկայացրած որոշման նախագծում «հիմնավորել» է, որ հատուկ պահպանվող, բնակավայրերի, հանգստի, բնակելի կառուցապատման համար նախատեսված 2006 քմ հողամասը որպես առանձին գույքային միավոր անհնար էր օտարել աճուրդով։
Հողամասը համասեփականատերերին վաճառվել է կադաստրային արժեքով՝ 33 մլն 323 հազար դրամ։ Աճուրդի դնելիս գոնե մեկ անգամ սակարկելու հնարավորություն կա, որն առնվազն 5%–ով կարող էր բարձրացնել հողամասի արժեքը։ Այս դեպքում կադաստրային արժեքին կավելանար 1 մլն 666 հազար դրամ։ Համայնքի ղեկավարը փաստացի հրաժարվել է հավելյալ եկամուտ ապահովելու հնարավորությունից։
Ալեքսանդր Ուռումյանի և Անահիտ Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականություն 5740 քմ հողամասը տարբեր ժամանակներում գնված մանր հողակտորների միավորումով է ձևավորվել՝ 600 քմ, 790 քմ, 574 քմ, 450 քմ և այլն։ 2022թ․–ին դրանք միավորել են մեկ հասցեում և շարունակում են ընդլայնել։ Եթե նշված հողամասերն այդ չափերով կարող էին առանձին գույքային միավոր համարվել և վաճառվել աճուրդով, ուրեմն հավաստի չէ, որ 2006 քմ հողակտորը որպես առանձին գույքային միավոր անհնար էր օտարել աճուրդային կարգով։
Նշենք, որ Անահիտ Սարգսյանը 1100 քմ մակերեսով հողամասը 2020թ․–ին աճուրդով է գնել համայնքապետարանից, այն մյուս հողակտորների հետ դարձյալ միավորվել է 5740 քմ կազմող հողամասում։