▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ում վայնասուն է սկսվել՝ «քանի մենք կանք, կապիտուլյացիան պետք է հավերժ լինի»»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2 ամիս առաջ ՔՊ-ն Սամվել Շահրամանյանին մեղադրում էր ուժի ակնհայտ սպառնալիքի տակ, այլընտրանքի բացակայության պայմաններում փաստաթուղթ ստորագրելու մեջ:
Երեկ Շահրամանյանը հայտարարել է, որ այդպիսի (ի սկզբանե անօրինական) փաստաթուղթ այլևս գոյություն չունի:
Ու.....
ՔՊ-ում վայնասուն է սկսվել այս առիթով. «Ոնց կարող է որևէ մեկը համարձակվել չեղարկել կապիտուլյացիան, չէ որ քանի մենք կանք, կապիտուլյացիան պետք է հավերժ լինի» փաստացի սա են ասում ՔՊ-ականները:
Եթե այսքան լավ չճանաչեինք այս մարդկանց, կարելի էր զարմանալ՝ ինչու են այդքան շահագրգռված անօրինական փաստաթղթի գոյությունով, որի միակ շահառուն Ալիևն է:
Բայց դե ՔՊ-ի ու Ալիևի և՛ շահերը, և՛ հռետորաբանությունը վաղուց նույնական են ու իրենք իրենց ամեն քայլով դա ապացուցում են:
Իսկ հայկական ցանկացած իշխանության պարագայում սա քայլ է, որը կարելի է օգտագործել և՛ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, և՛ Ադրբեջանի հետ բանակցություններում»։

Թարմացված․ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Շահրամանյանը, որպես բռնի տեղահանված անձ, ինչպես բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող թղթերի ու փաստաթղթերի վրա (դիմում, անձնական իրեր, հուշատետր, անձնագիր, հեղինակային գիրք և այլն)։
ՀՀ-ում պետական որոշումների, կարգադրությունների, հրամանագրերի տակ կարող են ստորագրել միայն ՀՀ պետական պաշտոնյաները (հիմնականում բարձրագույն, երբեմն՝ ոչ)»։

Թարմացված․ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լեռնային Ղարաբաղի հայաթափումից շաբաթներ առաջ նախագահ ընտրված Շահրամանյանի խորհրդականն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները շարունակելու են գործել նաև հետագա տարիներին, քանի որ Շահրամանյանի՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնավարման շարունակությանն առնչվող հրամանագիրը փաստացի չեղարկել է Լեռնային Ղարաբաղի և դրա ինստիտուտների լուծարման մասին հրամանագիրը: Մի կողմ թողնենք այս պնդման իրավական ողջ անհեթեթությունը:
Նախ, ըստ որոշ խելքի պուտուկների ԼՂ ինստիտուտները շարունակում են գործել, ապա գուցե իրենց վրա վերցնեն ՀՀ բանկերի նկատմամբ ունեցած Լեռնային Ղարաբաղի՝ 315 մլրդ ՀՀ դրամի չափով պարտքը, որն այսօր ՀՀ կառավարությունը ստիպված եղավ վերցնել իր վրա:
Երկրորդ՝ ՀՀ տարածքում կա մեկ իշխանություն, ՀՀ՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ընտրված օրինական իշխանությունները: ՀՀ տարածքում գործում են բացառապես ՀՀ ինստիտուտները:
Եվ վերջապես դուք ձեր տկարամտությամբ (լավագույն դեպքում) Լեռնային Ղարաբաղը բերեցիք կործանման: Հույս չունենաք, որ նույնը կարողանալու եք անել Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանը տեր ունի, որը ձեզ թույլ չի տալու նույն օյինը խաղալ մեր պետության/ հայրենիքի հետ: Հանգիստ նստեք տեղներդ»։

Թարմացված․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն, Արցախի կապիտուլյացիան ստորագրած, ամբողջ զինամթերքն ու տեխնիկան հակառակորդին նվիրած, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձին նպաստած Արցախի նախագահը և յուր «պաշտոնյաները» նախ նեղսրտում են, որ Հայաստանում աշխատավարձ չեն ստանում, հետո էլ խոսում Հայաստանի Հանրապետության ներսում ինչ-որ ինստուտուտների գործարկման մասին:
Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Երևանում և Հայաստանում գործում են միայն և բացառապես ՀՀ օրինական ղեկավարության հրամանագրերն ու որոշումները:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը ընտրել է իր լեգիտիմ Ազգային ժողովին, Վարչապետին, ձևավորել ինստիտուտներ և վերջ: Հայաստանում կա մեկ իշխանություն և այդ մեկ իշխանությունը Հայաստանի օրինական իշխանությունն է:
Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է` որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից:
Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները` խստագույնս պատժվելու են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее