▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի լոգոն III դասարանի դասագրքի վրա հեղինակն է դրել․ ՎԱՍ-ի պարզաբանումը

 

Մայրենիի 3-րդ դասարանի նոր դասագիրքը շարունակում է մնալ բուռն քննարկումների կենտրոնում։

Դասագրքի վերջին էջին ՀՀ դրոշն այրելու տեսարանից բացի, հանրությանը զայրացրել է արտաքուստ ՔՊ կուսակցության տարբերանշան հանդիսացող ձեռքսեղմման նշանի առկայությունը նույն էջին։

Օրագիր.News-ն է գրում ու մանրամասնում․ «Կայքի հետ զրույցում դասագրքի հեղինակ Վաչագան Սարգսյանը (ՎԱՍ) նշեց, որ դասագրքի վրա ձեռքսեղմման նշանը համագործակցության խորհրդանիշն է և կապ չունի ՔՊ կուսակցության տարբերանշանի հետ։

«Ցանկացած դասագիրք ունի պայմանանշաններ, որոնց միջոցով, որպեսզի անընդհատ չկրկնենք, այդ նշանը դնում ենք։ Այդ նշանը ես 25-30 տարի առաջ բազմիցս օգտագործել եմ իմ Այբբենարանի մեջ և դա նշանակում է համագործակցություն, դա նշանակում է երկու երևույթների միջև փոխադարձ կապ։

Դա բնավ կապ չունի կուսակցության նշանի հետ։ Սակայն, նույնիսկ, եթե դա ՔՊ-ի նշանն է, դրա մեջ ես ոչ մի կրիմինալ, ոչ մի հանցանք չեմ տեսնում։ Մարդիկ ձվի մեջ մազ են փնտրում»,- ասաց նա։

Հեղինակի խոսքով՝ դասագրքի վրա պատկերված են չորս տարրերը՝ կրակը, հողը, ջուրը, օդը։ Եվ պատկերված է փոքրիկ հերոսը, որն իր ծննդյան օրը գնում է տարբեր աշխարհներով, տարբեր դռներով ներս է մտնում։

«Առաջին դռնով մտնելիս, որը հողի նշանն է, ինքը հզորանում է, ուժեղանում է ֆիզիկապես, երկրորդ դռնով ներս է մտնում և այնտեղ մտավոր զարգացում է ունենում, երրորդ դռնով մտնելիս, որը ձեռքերի նշանն է՝ սրտակցության, համագործակցության խորհրդանիշն է։ Եվ այդ սրտակցությունը, համագործակցային ամբողջ այդ կարողությունները ի վերջո օգնում են երեխային ավելի կազմակերպված դառնալու, ավելի ուժեղ դառնալու»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք դասագրքի հեղինակը տեսնո՞ւմ է միտում դասագրքի իրենց տարբերակը փոխելու և ՀՀ դրոշն այրելու մեջ, Սարգսյանը պատասխանեց․

«Ինքս դրա մասնագետը չեմ, որ կարողանամ ճշգրիտ ասեմ՝ իրոք այդպես է եղե՞լ, թե՞ դրա մեջ միտում կա, բայց ես խիստ կասկածում եմ, որ միտում կա։ Որևէ մեկին ձեռնտու չի լինի, որ նման բան անի։ Ո՛չ «Անտարես» հրատարակչությանն է ձեռնտու, ո՛չ նախարարությանը, ո՛չ տպարանին, ո՛չ էլ, առավել ևս՝ հեղինակներին։

Սա հնարավորություն տալիս է գտնել միտում։ Սակայն իմ կարծիքով միտում չկա։

Ըստ նախարարության և տպարանի հավաստիացումների դա ուղղակի ծրագրային թյուրիմացություն է։ Մեր տված կազմերը և իրենց տված կազմերը տարբեր են։ Ինչ-որ ծրագրային անհամապատասխանություն է եղել, առաջին էջը գնացել է վերջին էջի տակ և դրոշը հայտնվել է կրակի մեջ»,- ասաց դասագրքի հեղինակը։

Կայքը մայրենիի նոր դասագրքի վրա ՔՊ կուսակցության ձեռքսեղմման տարբերանշանի առկայության համար պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Կարինե Մանուկյանի հետ, ով նշեց, որ այդ մասին հեղինակն արդեն տվել է մեկնաբանություն։

«Այդ խորհրդանիշերի հետ կապված Վաչագան Սարգսյանն արդեն տվել է մեկնաբանություն։ Նա արդեն անդրադարձել է այդ հարցին»,- ասաց նա։

Կայքը պարզաբանման համար փորձեց կապ հաստատել նաև «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ կայքը ուսումնասիրեց Վաչագան Սարգսյանի հեղինակած Այբբենարանը և 14, 15,19,20 էջերում գտավ ձեռքսեղմման այդ նշանը։ Սակայն Այբբենարանում այդ նշանը միայն գրքի ներսում է, իսկ հիմա արդեն հայտնվել է Մայրենիի դասագրքի կազմին։

Նկատենք, որ ՔՊ-ի նշված նշանը, ինչպես նաև ՔՊ-ի «Ապագա կա» կարգախոսը որպես խորհրդանշան տարածված է նաև Թուրքիայում, հետևապես՝ լավ կլիներ, եթե դրանք տեղ չգտնեն Մայրենիի դասագրքի վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее